
Արմինֆո. TRIPP (Trump Route for International Peace and Prosperity` «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղություն և բարգավաճման» - խմբ.) ծրագրի իրականացումը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություն, և մենք դրա մասին հաստատում ենք ստանում ամենաբարձր մակարդակի վրա: Այդ մասին, պատասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով միջազգային ԶԼՄ-ների այն հրապարաակումներին առնչվող մտահոգությանը, թե ԱՄՆ-ը կորցնում է հետաքրքրությունը այդ անդրսահմանային նախագծի նկատմամբ ՝ որպես տնտեսապես քիչ արդյունավետ:
«TRIPP նախագծի շուրջ առկա գործընթացները ոչ միայն չեն արգելակվում, այլ, ընդհակառակը, դրա իրականացման տեմպերը թափ են հավաքում։ Օրերս քննարկել եմ երթուղին էլեկտրահաղորդման գծերով ապահովելու հարցը, և չկա որևէ աշխատանքային օր, երբ այդ թեման չքննարկեմ և կոնկրետ հանձնարարականներ չտամ։ Երթուղու շուրջ գործընթացները թափ են հավաքում, և ոչ մի կասկած չկա, որ նախագիծը կարևոր տնտեսական բաղադրիչ ունի", - ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ ուրախ է նախագծի իրականացման հարցում Ադրբեջանի շահագրգռվածության համար, իրեն ուրախացնում է նման մոտեցումը և Բաքվի բարձր հետաքրքրությունը: Նա համոզմունք է հայտնել, որ ծրագրի իրականացման տեմպերը կավելանան։ Նշենք, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ "Թրամփի երթուղու" մաս կազմող ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է 90 տոկոսով, իսկ երկաթուղին ՝ 70 տոկոսով: Այդ մասին նա ասել էր Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, հաղորդում է "Եվրոպեյսկայա պրավդա"-ն։ Ալիևը հույս էր հայտնել, որ առաջիկայում նախագիծն ամբողջությամբ կիրականացվի: "Ինչ վերաբերում է "Զանգեզուրի միջանցքի" իրականացմանը, ապա այնտեղ ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90 տոկոսով, իսկ երկաթգիծը՝ մոտ 70 տոկոսով։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում այդ նախագիծն ամբողջությամբ կիրականացվի", - նշել էր նա։
Ալիևը նաև հավելել էր, որ Թուրքիայում սկսվել է Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը: "Այսպիսով, փոխգործակցությունը, այդ նախագծերի համակարգված իրականացումը նոր կարևոր միջազգային միջանցք կբացեն", - ասել էր նա:
Հիշեցնենք, որ "Թրամփի երթուղու" ստեղծման մասին հռչակագիրը Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել էին 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ: Այդ տրանսպորտային միջանցքն անցնելու է Հայաստանի Սյունիքի մարզով։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը կպահպանի իր տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը, երթուղու կառավարումն իրականացնելու է մասնավոր ամերիկյան ընկերություն։