


Արմինֆո.Վերջին տարիներին Հայաստանը և Եվրոպական միությունը զգալի առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Այս մասին ապրիլի 15-ին Հայաստան-Եվրոպական միություն Քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշել է, որ համագործակցության հիմքն է դարձել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որի արդյունավետ իրականացման համար իշխանությունները նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում։ Մասնավորապես, ըստ Գրիգորյանի, արդեն իսկ առաջընթաց է գրանցվել դատաիրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, պետական կառավարման, ինչպես նաև ոլորտային համագործակցության այլ ուղղություններում։
«Այս ճանապարհին ԵՄ-ի հետ մեր համագործակցությունն առանցքային նշանակություն ունի, և մենք վճռական ենք տրամադրված խորացնելու այն՝ ի շահ մեր քաղաքացիների»,- հայտարարել է փոխվարչապետը։
Նա ընդգծել է թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը բոլոր այս գործընթացներում՝ այդ համատեքստում մատնանշելով քաղաքացիական հասարակության անփոխարինելի դերը։
«Մասնավորապես, այս հարթակը հնարավորություն է տալիս համադրել պետական քաղաքականությունը քաղաքացիական հասարակության փորձագիտական ներուժի հետ։ Մենք բարձր ենք գնահատում անկախ գնահատականները, առաջարկություններն ու քննադատությունը, ինչը նպաստում է առավել արդյունավետ և ներառական քաղաքականության մշակմանը»,- նշել է նա։



