


Արմինֆո. Ազգային ժողովն ապրիլի 14-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է "Պետական տուրքի մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ իրավական դրույթներն ուղղված են մշակութային արժեքների արտահանման գործընթացները ԵԱՏՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն: Փոխնախարարն ընդգծել է, որ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններն ուղղված են մշակութային արժեքների արտահանման գործընթացում առավել հստակ և չափելի ընթացակարգերի սահմանմանը: Առաջարկվում է սահմանել մշակութային արժեքների արտահանման ընթացակարգերի իրականացման ժամանակ կիրառվող պետական տուրքի նոր տեսակներ: Մասնավորապես, օրենքի նախագծով նախատեսվում է տարբերակել մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքը: Մեկ առարկայի համար որպես բազային արժեք սահմանվել է 10 հազար դրամ, իսկ երկու և ավելի առարկաների դեպքում՝ 15 հազար դրամ: Փոխնախարարի խոսքով ՝ օրենքի նախագծի ընդունումը և դրա իրականացումը դրական ազդեցություն կունենան գործարար և ներդրումային միջավայրի վրա, հաշվի առնելով, որ առաջարկվող դրույթները կնպաստեն մաքսային ձևակերպումների պարզեցմանը: Ընդ որում, առաջարկվող իրավական նորմերն ուղղված են դրանք "ԵԱՏՄ մասին" պայմանագրի դրույթների հետ ներդաշնակեցմանը։



