


Արմինֆո.Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանը միացել է Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցությանը: Այդ մասին նա հաղորդել է Facebook-ի իր էջում։
«Մենք այսօր ապրում ենք այնպիսի իրավիճակում, երբ լռելն ու անտարբեր լինելը հավասարազոր են ինքնակամ պարտության և ոչնչացման։ Այս պատասխանատու և վճռորոշ ժամանակաշրջանում գիտակցելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ցանկանում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին։
Իմ այս քայլը թելադրված է բացառապես հայրենիքին ծառայելու և մեր պետականության հիմքերն ամրապնդելու անկեղծ մղումով։
Մեր վերածնունդը հնարավոր է միայն ազգային արժեքների՝ գլխավորապես Մայր Եկեղեցու և Հայոց Բանակի շուրջ համախմբվելով։ Սրանք այն արժեհամակարգային հենասյուներն են, որոնք պահել ու պահպանել են մեզ, և այսօր էլ պետք է դառնան մեր հզորացման հիմնաքարը։ Առանց հոգևոր արժեքների և առանց մարտունակ բանակի՝ մենք չենք կարող ունենալ արժանապատիվ ապագա։
Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Մարդ, ում գործունեությունը՝ եկեղեցաշինությունից մինչև տնտեսական հսկայածավալ ծրագրեր, ուղղված են միայն մեկ նպատակի՝ հայրենիքի հզորացմանը։ Սա պրագմատիկ, գործող և հայրենասեր մարդկանց միավորում է, որին ես միանում եմ մեծ վստահությամբ։
Սա պայքար է հանուն մեր տեսակի, հանուն մեր հավատքի և հանուն մեր զավակների անվտանգ ապագայի։
Փոփոխությունը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ, այլևս թույլ չենք լինելու։
Միասնական և ամուր կամքով՝ դեպի Ուժեղ Հայաստա՛ն», - գրել է Արկադի Թամազյանը
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին "Ուժեղ Հայաստան" կուսակցության համագումարի արդյունքում ներկայացվել է 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների հաստատված ցուցակը: Մարտի 31-ին կուսակցությունը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է "Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ" դաշինքով:



