
Արմինֆո.Հայաստանին անհրաժեշտ է համահայկական ներուժի միավորում՝ ի շահ առկա խնդիրների լուծման, այլ ոչ թե՝ համատարած բաժանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Հայաստանն իրոք այլ հնարավորությունների երկիր է՝ հայկական Սփյուռքով ու առանց դրա։
Ամեն իմաստով մեզ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել մեր Սփյուռքի հնարավորությունները։ Մենք շռայլություն չունենք չիրացնելու աշխարհի տարբեր երկրներում՝ մեր կամքից անկախ ձևավորված համայնքների ներուժը։
Հենց այս համատեքստում է կարևորվում նաև այս օրերին Փարիզում անցկացվող Սփյուռքի խորհրդաժողովը։ Աշխարհի 15 երկրներից 150 ներկայացուցիչներ միասին քննարկում են համահայկական օրակարգի կարևոր հարցեր, լուծումներ փնտրում մեր խնդիրների համար և մտորում, թե ինչպես մեր ներուժն ծառայեցնել հանուն պետականության։
Սա մի գործառույթ է, որն ամենից լավ պետք է անի պետությունը։ Սակայն այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից, որպեսզի ցանկացած իրավիճակում մեզ հրամցնեն, թե մենակ ենք ու թույլ, և բացի իրավիճակի հետ հարմարվելուց ու բոլոր պահանջները կատարելուց՝ այլ տարբերակ չունենք։
Երբ խոսում ենք այլընտրանքների մասին, սա կարևորագույն ուղղություններից մեկն է՝ համահայկական ներուժի միավորումն ի նպաստ մեր խնդիրների լուծման, այլ ոչ թե համատարած պառակտումը, որպեսզի անելանելիության շղարշի տակ ամեն ինչ զիջենք», - նշել է ԱԺ պատգամավորը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-12-ը Փարիզում տեղի է ունեցել սփյուռքի համախմբմանը նվիրված համաժողով, որն ուղղված է լինելու վերջին տարիներին հայերին ցնցած աննախադեպ տագնապների և մարտահրավերների հաղթահարմանը: Համաժողովի նպատակն էր իրավիճակի հավաքական քննարկումը, սփյուռքի մոբիլիզացումը, հայոց պետականության, հայկական սփյուռքի և, ընդհանրապես, հայ ժողովրդի ու Հայկական հարցի շահերի պաշտպանության ու ամրապնդման գործում միասնական ու նպատակասլաց դիրքորոշման ձևավորումը: Համաժողովը համախմբել էր շուրջ 150 ներկայացուցիչների ավելի քան 25 երկրներից, այդ թվում ՝ համայնքների ղեկավարներ, կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական և քաղաքական գործիչներ, գիտնականներ, մասնագետներ, գործարարներ և երիտասարդություն: