


Արմինֆո. Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ապրիլի 12-ին վերսկսել է իր գործունեությունը:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ը, սկզբնական փուլում դեսպանատունը գործելու է սահմանափակ թվով դիվանագիտական և վարչական անձնակազմով, ներառյալ՝ դեսպանին:
Նշվում է, որ հաշվի առնելով անվտանգության հարցերը և կազմակերպչական ասպեկտները ՝ նախատեսվում է դեսպանության գործունեության փուլային կարգավորում:
"Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսումը ռազմական գործողությունների դադարեցումից եւ երկշաբաթյա հրադադարի ռեժիմ հայտարարելուց անմիջապես հետո Ադրբեջանի համար հարեւան եւ բարեկամ Իրանի հետ հարաբերությունների հատուկ կարեւորության վկայությունն է։ Մեր երկիրը կրկին հայտարարում է տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին իր աջակցության մասին", - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մարտի 5-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ իրանական 4 անօդաչու թռչող սարքեր գրոհել են Նախիջևանը: Այդ առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Իրանի դեսպանը։ Ավելին, նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրել էր երկրի Անվտանգության խորհրդի նիստ և որոշել էր սուր ճոճել Իրանի առջև: Ավանդույթի համաձայն, Ալիևը սպառնացել էր Ադրբեջանի "երկաթե բռունցքով", կատարվածը որակել էր ահաբեկչություն և խոստացել համարժեք պատասխան: Իսկ մարտի 6-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին Իրանից իրենց դիվանագետների տարհանման մասին։ Հետաքրքրական է, որ այս բոլոր գործողությունները տեղի էին ունեցել այն պայմաններում, երբ Իրանն արդեն երկրի ԱԳՆ և Գլխավոր շտաբի մակարդակով հերքել էր իր մասնակցությունը Նախիջևանի օդանավակայանին հարվածին։



