


Արմինֆո.Էստոնիան հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի վիթխարի փորձ ունի, որը պատրաստ է կիսել Հայաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ Երեւանում Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ցահքնան հայտարարել է, որ Էստոնիան նման սպառնալիքների է բախվում 2007 թվականից ի վեր, միաժամանակ ընդունելով, որ դրանք բխում են ոչ միայն Ռուսաստանից, այլև՝ Հյուսիսային Կորեայից:
"Այն փորձը, որ մենք ունենք, մենք պատրաստ ենք կիսել Հայաստանի հետ և արդեն անում ենք դա։ Մենք էլ ձեզանից սովորելու շատ բան ունենք։ Ձեզ մոտ առջևում ընտրություններ են, և շատ կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ժողովրդավարական, թափանցիկ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի շուրջ շատ ուժեր կան, Ռուսաստանը եւ մյուսները, որոնք ուրախ չեն ժողովրդի ազատ կամարտահայտման հնարավորության համար", - ասել է Էստոնիայի ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ միայն քաղաքական կամքի առկայության դեպքում է հնարավոր հաջողության հասնել, իսկ այդ կամքը կա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ "Ազատություն" ռադիոկայանը հաղորդել էր, որ իրենց տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նամակը Բրյուսելին, որում նա "խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երեւան ՝ կրեմլյան ապատեղեկատվությանը եւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտությանը հակազդելու համար": Այդ առնչությամբ հիշեցվել է, որ ԵՄ-ը մոտ 20 հոգուց բաղկացած նման խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, "որպեսզի օգնի մոլդովական իշխանություններին բացահայտել և հակազդել սոցիալական ցանցերում Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը": Հավելենք, որ ավելի վաղ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը հայտարարել էր Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու մասին ՝ "ռուսական քարոզչությանը հակազդելու համար":



