
Արմինֆո.Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ապրիլի 10-ին կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ վերջերս կայացած բանակցությունների արդյունքների լույսի ներքո:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ընդգծվել է բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության թեմատիկայով:
"Քննարկվել են տարածաշրջանային խնդիրները Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման եւ տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության "3+3" հարթակի գործունեության շարունակման տեսանկյունից", - պատմել են ՌԴ ԱԳՆ-ում, հավելելով, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում:
Նշենք, որ ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Պուտին-Փաշինյան բանակցություններ։ Հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, կողմերը փոխանակել են փոխադարձ դժգոհություններ: ՌԴ նախագահն ընդգծել է Մոսկվայի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ Երեւանի դժգոհության, Լեռնային Ղարաբաղի հարցի, Երեւանի ԵՄ ինտեգրման եւ Եվրասիական տնտեսական միության հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ։ Ներկայացվել է դիրքորոշում նաեւ Հայաստանում ատոմային էլեկտրակայանի շինարարության եւ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի հետապնդման վերաբերյալ: Փաշինյանն, իր հերթին, վստահեցրել է երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթի մասին, հիշեցրել ՀԱՊԿ-ի հանդեպ ունեցած դժգոհությունների մասին, փորձել է Արցախը հանձնելու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա և հայտարարել, որ ՌԴ քաղաքացիները չեն կարող մասնակցել Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին: