
Արմինֆո. Բաքվից հայ գերիներին ազատ արձակելու հարցի վերաբերյալ նորություն չկա։ Այդ մասին ապրիլի 10-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ էստոնացի գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Երևանի դիրքորոշումն այդ հարցում փոփոխության չի ենթարկվել և այն է, որ հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալացման կարիք ունի:
"Խաղաղություն կա, դրա պտուղները քաղում ենք, բայց նաև հասկանում ենք, որ այն նոր է և խնամքի կարիք ունի։ Կան հարցեր, որոնք լուծված են, ընդհուպ՝ Ադրբեջանի տարածքով բեռների տարանցումը կամ երկկողմ առևտուրը, որն արդեն կա, և մենք հույս ունենք, որ կզարգանա, բայց, ցավոք, կան նաև չլուծված հարցեր, իսկ ձեր նշած հարցն ամենազգայունն է մեր հասարակության համար։ Ցավոք, Բաքվում կան գերիներ, պահվող անձինք։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է․ նրանք օր առաջ պետք է ազատ արձակվեն, եւ նրանց ազատ արձակումը միայն կամրապնդի խաղաղությունը", - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հավելելով, որ ադրբեջանական կողմի հետ երկխոսությունը շարունակվում է, եւ այդ հարցը միշտ իրենց ուշադրության կենտրոնում է։
Միրզոյանը հավելել է, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է նաև միջազգային գործընկերների հետ հանդիպման ժամանակ։ Նա խոստովանել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռանալն Ադրբեջանից բարդացրել է իրավիճակը։ "Խնդիրը կա, ջանքերը շարունակվում են, սակայն դեռ նորություն չկա", - ասել է Հայաստանի արտգործնախարարը, նկատելով, որ նորություն կարող է լինել միայն մեկը՝ նոր խմբի ազատ արձակումը:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։