
Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու նրա գլխավորած գերատեսչությունը բանակում տեղեկատվական և հոգեբանական անվտանգության պատշաճ ապահովման փոխարեն "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական թոհուբոհի էպիկենտրոնում է: Այդ մասին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ Facebook-ի իր էջի տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ հայկական բանակն այսօր բախվում է տեղեկատվական աննախադեպ սպառնալիքների, որոնք անտեսված են մնում զինված ուժերի ղեկավարության կողմից:
"Մինչ պաշտպանության նախարարն զբաղված է նախընտրական քարոզարշավով, սպառնալիքներն աճում են. երկրի տեղեկատվական և հոգեբանական անվտանգությունը ենթարկվում է հարձակումների, ամեն օր տագնապալի է դառնում այն ընտանիքների համար, որտեղ զինվորականներ կան, իսկ Հայաստանում անվտանգության ոլորտի քաոսը ոչ վերջ ունի, ոչ էլ եզր", - ընդգծել է պատգամավորը:
Մանուկյանը հիշեցրել է, որ ավելի վաղ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը հրապարակել էր իր նախընտրական ծրագիրը, որում, ի թիվս այլ հարցերի, խոսքը վերաբերում է նաև երկրի անվտանգությանը և Հայաստանի Զինված ուժերին: Սակայն, ինչպես նշել է պատգամավորը, այս թեման ավելի շատ պոպուլիզմի, այլ ոչ թե բովանդակության տեսանկյունից է շոշափվում։ Պատգամավորը կոչ է արել ուշադրություն դարձնել ՀՀ Զինված ուժերում նոր վտանգավոր երևույթի վրա:
"Վերջին շրջանում հաճախ կարելի է հանդիպել ինչ-որ ստորաբաժանումում դժբախտ պատահարի, զորակոչիկների միջև 25-օրյա զորավարժությունների ընթացքում դանակահարության, զորամասում պայթյունների, պայմանագրային զինծառայողների վիրավորումների, զինծառայողների տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ՃՏՊ-ների վերաբերյալ վերնագրերով հոդվածների։ Նման լուրերը հայտնվում և կայծակի պես տարածվում են հայկական մեդիատարածքում։ Մինչդեռ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը լռում է, քանի որ նախարարությունը Պապիկյանի գլխավորությամբ այս օրերին զբաղվում է միայն նախընտրական արշավով և Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումներով՝ երկրի անվտանգության խնդիրները քննարկելու փոխարեն: Մինչդեռ, սրանք բոլորը հարցերն են, որոնք պարտավոր է լուծել հենց Հայաստանի պաշտպանության նախարարությունը", - ուշադրություն է հրավիրել ընդդիմադիրը։
Մանուկյանն արձաննագրել է, որ նախկինում ոչ մի լրատվամիջոց բանակում դժբախտ պատահարների մասին լուր չի հրապարակել, քանի դեռ հայտնի չի դարձել վիրավոր, զոհված կամ սպանված զինծառայողի անունը, ազգանունը և հայրանունը: Քանի որ, ինչպես պարզաբանել է պատգամավորը, այն ժամանակ բոլորը գիտակցում էին նման գործողությունների վտանգը, այդ թվում ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ։ Լրատվամիջոցները հասկանում էին, որ յուրաքանչյուր նման դեպքի մասին լուրը, առանց լրացուցիչ տեղեկությունների, թե ում հետ է դա պատահել, հանգեցնում է բոլոր ծնողների անհանգստությանը, որոնց զավակները ծառայության մեջ են:
"Սակայն հիմա հայկական բանակում քաոս է, ոչ անուն կա, ոչ ազգանուն։ Նախարարությունում ժամերով չեն հաստատում լուրը, չեն մեկնաբանում ։ Մինչդեռ, սա իրականում անվտանգության շատ կարևոր բուֆեր է, որն ազդում է ինչպես Հայաստանի ԶՈՒ հեղինակության, այնպես էլ տեղեկատվական անվտանգության և, ի վերջո, հանրային անդորրի վրա: Քանի որ այնտեղ ծառայող զավակների միջոցով բանակի հետ սերտորեն կապված ընտանիքները տեղեկատվական քաոսի պայմաններում հայտնվում են խոցելի վիճակում", - եզրափակել է Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որի գաղափարական հենքն է "իրական Հայաստանի" գաղափարը և երկրի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Այդ ծրագրի դրույթներից մեկն անդրադառնում է երկրի անվտանգության ապահովման իշխող կուսակցության տեսլականին ։ Այսպես, ըստ "Քաղաքացիական պայմանագրի" ծրագրի ՝ բանակը արտաքին անվտանգության ապահովման պահուստային գործիք է, եթե դիվանագիտական միջոցները չաշխատեն ։