Արմինֆո. «Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է, այս դժվարին ճանապարհին շատ եմ կարևորում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը»,- հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «The Max Foundation» հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությւոնը, համագործակցությունից ի վեր` այս հիմնադրամի միջոցով արյան չարորակ հիվանդություններ և սոլիդ ուռուցքներ ունեցող շուրջ 800 պացիենտ անվճար ստացել է թանկարժեք և կյանք փրկող դեղեր: Այժմ ծրագրից օգտվում է 500 պացիենտ։
«The Max Foundation»-ի պատվիրակության ղեկավար Փեթ Գարսիա-Գոնսալեսը խոսել է կազմակերպության առաջիկա ծրագրերից, ներկայացրել համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Հիմնադրամի պատվիրակությունը եղել է նաև ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ծանոթացել նոր կառուցված Արյան բանկի պայմաններին, եղել Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում: