Արմինֆո.Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա» ԴԶՀՀ ապօրինաբար Հայաստան ներկրելու փորձին առնչվող գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Դատախազ Արամ Արամյանն այսօր մեղադրանք է ներկայացրել ամբաստանյալ Սամվել Բաբայանին (Արցախի նախկին պաշտպանության նախարար): Ըստ ներկայացված մեղադրանքի, Բաբայանը մի խումբ անձանց դրդել է ապօրինի կերպով «Իգլա» ԴԶՀՀ ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը, նյութապես շահագրգռելով Վաղարշապատի բնակիչ Սանասար Գաբրիելյանին փնտրել, ապօրինի կերպով ձեռք բերել զենիթահրթիռային համալիր՝ խոստացել է դրա դիմաց վճարել 50 000 ԱՄՆ դոլար: Սանասար Գաբրիելյանը հանցավոր մտադրությունը իրականացնելու համար դիմել է Արմեն Պողոսյանին և Վրաստանում գործարար կապեր ունեցող Հրաչյա Մայիլյանին՝ խոստանալով տրամադրել նախապես խոստացված գումարը: Ըստ ձեռք բերված նախնական համաձայնության՝ հանցավոր մտադրությունն իրականացնելու համար Սանասար Գաբրիելյանը, Հրաչյա Մայիլյանն ու Արմեն Պողոսյանը 2016 սեպտեմբերի 1-ին մեկնել են Վրաստան և փորձել են գտնել պահանջվող զենիթահրթիռային համալիրը:Այնուհետև նրանք պարբերաբար և առանձին-առանձին մեկնել են Վրաստան: Վրաստան հերթական այցելության ժամանակ Արմեն Պողոսյանը և Հրաչյա Մայիլյանը 2017 թվականի փետրվարի 22-ին հանցավոր համաձայնության են եկել ՀՀ քաղաքացի, վերջին մի քանի տարիներին Վրաստանում բնակվող Ռոբերտ Ավագյանի հետ, ով պատրաստակամություն է հայտնել 38 000 դոլարի դիմաց տրամադրել պահանջվող զենիթահրթիռային համալիրը, և Հրաչյա Մայիլյան «Իգլան» տեղափոխել է Վաղարշապատ:
Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ այսօր դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ իրենց մեղադրում են Վրաստանից զենք տեղափոխու համար, հետո կարճում են, ասում են նման բան չի եղել: «Ես պատասխանատու եմ իմ ամեն արած քայլի համար, բացատրություններ էլ ունեմ տված և կտամ: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, դա հորինված, մտածված մեղադրանք է, պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանելու, ոչ մի հարցից չեմ խուսափում», - հայտաևրարել է նա: