Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025 16:25
Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող Ամենամյա ներդրումային համաժողովին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը, նա իր ելույթում ասել է.
«Նախևառաջ կցանկանայի իմ գոհունակությունը հայտնել էմիրաթական կողմին Ամենամյա ներդրումային համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Ուրախ եմ գտնվել Արաբական Միացյալ Էմիրություններում, որը Հայաստանի համար կայուն զարգացման և նորարարության ոլորտներում առաջընթացի, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեխնոլոգիական հնարավորությունների իրացման համար հուսալի գործընկեր է։
Լիովին կիսում եմ այն տեսլականը, որ ներդրումները կենսական դեր են խաղում գլոբալ հրատապ մարտահրավերներին դիմակայելու հարցում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, աղքատությունը և անհավասարությունը: Ի վերջո, միջազգային համագործակցության ամրապնդումը կարևոր է համաշխարհային ֆինանսական կայունությունը խթանելու և համաշխարհային շուկայում բոլոր ներդրողների համար հավասար պայմաններ ապահովելու համար:
Կհամաձայնեք, որ այսօր գործող աշխարհակարգը փոխվում է բավականին դինամիկ տեմպերով, իսկ մենք ապրում ենք պատմության բեկումնային, որոշ իմաստով անկանխատեսելիության փուլում: Ցանկացած տեղեկատվություն իր մեջ բացասական երանգ է պարունակում, որն անորոշության զգացում է առաջացնում:
Զինված հակամարտություններ, աշխարհաքաղաքական լարվածություն, ճգնաժամեր, տնտեսական անկայունություն, կլիմայի փոփոխության սպառնալիք, մարդու իրավունքների խախտումներ, սոցիալական ցնցում, աղքատություն և անհավասարություն, թվարկված բոլոր իրադարձությունները մարտահրավեր են նետում համաշխարհային կայունության հիմքերին:
Չմոռանանք նաև արդի պայմաններում անհավանական տեմպերով մեծացող արհեստական բանականության դերի մասին, որը կենսական նշանակնություն ունի բարելավելու մարդկանց կյանքը ու ճկունությունը՝ արձագանքելով առաջացող մարտահրավերներին:Այս մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է հավաքական հանձնառություն՝ երկխոսություն, փոխշահավետ լուծումներ, բանակցություններ: Կցանկանայի մեջբերել ԱՄԷ հիմնադիր-նախագահ լուսահոգի Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ-Նահյանի խոսքերը, որ միասնությունը ճանապարհ է դեպի ուժ, պատիվ և ընդհանուր բարիք:
Աշխարհաքաղաքական փոփոխությունների և նախկին կանոնակարգի վերանայման պայմաններում՝ Հայաստանը, որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր, ժողովրդավար ու զարգացող տեխնոլոգիական տեսլականով երկիր, կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական և մրցունակ տնտեսական համակարգ: Մեր կարևորագույն կապիտալը կրթված, աշխատասեր ու օրինապահ հասարակությունն է: Կառավարությունն իր հերթին, ներդրումներ է կատարում անհրաժեշտ ենթակառուցվածքներում՝ տեխնոլոգիական աճին աջակցելու համար։ Ստեղծվում են տեխնոլոգիական կենտրոններ ու պարկեր, ինչպիսիք են ԿՈԱՖ և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնները, որոնք կենտրոնացած են երիտասարդ տաղանդների զարգացման և մրցունակ սերնդի կրթման վրա։
Նորություն չէ, որ երիտասարդության շրջանում առկա է մեծ հետաքրքրվածություն բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ռոբոտաշինության և նորարարության հանդեպ:
Մենք առաջարկում ենք տարածաշրջանում ամենաբաց և գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը՝ վարելով «բաց դռների» քաղաքականություն։
Ժողովրդավարության զարգացմամբ մենք շարունակաբար ամրապնդում ենք երկրում արդար և մրցունակ տնտեսական միջավայրը, օրենքի գերակայությունը և անկախ դատական համակարգը, ինչն ուղղակիորեն նպաստում է ներդրումային միջավայրի հուսալիությանը, պաշտպանությանն ու զարգացմանը։
Իշխանությունների կողմից իրականացվող գործարար միջավայրի խորը և համապարփակ բարեփոխումներն օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ են առաջարկում:
Հայաստանն օրինական երաշխիքներ է տրամադրում օտարերկրյա ներդրողների համար, ներառյալ սեփականության պաշտպանությունը, կապիտալի ազատ տեղաշարժը և թափանցիկ հարկային համակարգը:
Վերջին տարիներին Հայաստանը բարձր վարկանիշներ է գրանցել միջազգային ինդեքսներում, այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են օրինակ՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, տնտեսական ազատությունը, գործարար և ներդրումային ազատական միջավայրը։ Հայաստանն ունի ներդրումների պաշտպանության երկկողմ պայմանագրեր ավելի քան 40 երկրների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:
Հայաստանն առաջարկում է մի քանի Ազատ տնտեսական գոտիներ, որոնք բարենպաստ պայմաններ են ապահովում օտարերկրյա ներդրողների համար։ Այս գոտիներն առաջարկում են հարկային արտոնություններ, պարզեցված մաքսային ընթացակարգեր և մուտք դեպի տարածաշրջանային շուկաներ:
Իմ պատվիրակությունն այստեղ է կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնցով իմ գործընկերները կկիսվեն ձեզ հետ: Պատրաստ ենք գործնական բանակցությունների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, փորձի ու տեխնոլոգիաների փոխանակման։
Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում, որպեսզի, օգտվելով առիթից, մեր գործընկերները տեղեկացված լինեն նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին:
Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է:
Մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործիք: Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է տալիս տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման և միջազգային առևտրային միջանցքների գործարկման համար:
Նախագծի առանցքային գաղափարը կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, կապի մալուխներ և էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու և, ի վերջո, մարդկանց միջև շփումների հնարավորություններ ստեղծելու միջոցով, ինչը կարևորագույն բաղադրիչ է խաղաղության համար։
Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար:
Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ավելին, Հարավային Կովկասը պետք է վերածվի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, մարդկանց միջև շփումների ակտիվացմանը՝ միաժամանակ ապահովելով ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճը»: >>>
|
Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025 14:04
Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե, իբր, ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպաննության նախարարության մամուլի ծառայությունը: >>>
|
Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025 11:40
Արմինֆո. Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը քննադատել է ԵՄ էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով հանձնակատար Դան Յերգենսենին՝ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումներն անտեսելու համար: >>>
|
Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025 11:35
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ >>>
|
Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025 11:27
Արմինֆո. Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կստեղծեն եռակողմ համագործակցության ձևաչափ ՝խորհրդարանների խոսնակների մակարդակով։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի եւ նրա թուրք գործընկեր Նուման Քուրթուլմուշի հանդիպման ժամանակ, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը ՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի ծառայությունը: >>>
|
Շաբաթ, 5 Ապրիլի 2025 13:23
Արմինֆո. Ապրիլի 4-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էմանուել Կիվայի հետ։ >>>
|
Շաբաթ, 5 Ապրիլի 2025 12:36
Արմինֆո. Ապրիլի 4-ին Չեխիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Դանա Կովարիկովայի հետ: >>>
|
Շաբաթ, 5 Ապրիլի 2025 12:32
Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորը (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու տարբեր ոլորտներում կապերի խորացմանը։
«Հայաստանը բարձր է գնահատում Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- նշել է նախագահը։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, իր հերթին, դեսպան Թրեյնորը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ >>>
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 19:22
Արմինֆո. Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։ >>>
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 18:44
Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Մհեր Մարգարյանը հետ է կանչվել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։ >>>
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 15:55
Արմինֆո. Գերիների հարցը պետք է նախապայման դառնա, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստանա ԱՄՆ վարչակազմի վերջնական աջակցությունը։ Այդ մասին հայտարարել Է Վարդանյանի ընտանիքի փաստաբան, Վաշինգտոնից մարդու իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային փաստաբան Ջարեդ Գանսերը՝ CAN-ին (Catholic News Agency)։ >>>
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 14:06
Արմինֆո. Ամերիկյան կառավարական EXIM բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը 339 միլիոն դոլարի վարկավորումը՝ Boeing ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2026-ի ամառ։ Փաստը, որ Silk Way-ի ինքնաթիռները, ըստ հեղինակավոր լրատվամիջոցների, զբաղվել են զենքի փոխադրմամբ, չի խանգարել ամերիկյան կողմին հաստատել վարկը։ Silk Way-ը համարվում է Ադրբեջանի նախագահի հետ փոխկապակցված ավիաընկերություն։ Այդ մասին հաղորդում է "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությունը։ >>>
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 13:39
Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Ուրբաթ այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը: >>>
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 13:36
Արմինֆո. ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի ընկերության Միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Էդուարդ Տրամպուշի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալները։ >>>
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 12:39
Արմինֆո. 30 տարի անց Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը ՝ ավելի քան երբևէ մերձեցնելով Եվրոպան և Կենտրոնական Ասիան: Այդ մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է այսօր Սամարղանդում ընթացող Եվրոպա-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում: Ելույթի տեսահոլովակը հրապարակվել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թվիթերյան (X) էջում: >>>
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 12:15
Արմինֆո. Հայաստանն առաջնային նշանակություն է տալիս անհետ կորած անձանց գործերի քննությանը, հատկապես՝ զինված հակամարտությունների համատեքստում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Սյուզաննա Մարտիրոսյանը՝ անհետ կորած անձանց մասին ճեպազրույցների լսմանը նվիրված ոչ պաշտոնական լիագումար նիստում: >>>
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 12:13
Արմինֆո.ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվել է Բրյուսել: >>>
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 11:44
Արմինֆո. 2025 թվականի ապրիլի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: >>>
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 11:35
Արմինֆո. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կայցելի ԱՄՆ: Նրա գործուղման մասին որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: >>>
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 11:25
Արմինֆո. Ճանաչողական այցի շրջանակում ապրիլի 3-ին Ազգային ժողով է այցելել Ֆրանսիայի Մեյզիո քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Քրիստոֆ Քինյուի գլխավորությամբ: Հյուրերին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: >>>
|