Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդել է ՀՀ նախագահի աշխատակազմը, Վահագն Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական բարեկամությանը՝ առավել զարգացնելով և ամրապնդելով երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը։
«Համոզված եմ, որ Ձեր այցն ավելի կամրապնդի հայ-խորվաթական բարեկամությունը և կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: Նման այցելությունները նպաստավոր են մեր հետագա անելիքները ճշգրտելու, քննարկելու, կողմնորոշվելու և նոր հորիզոններ նախանշելու տեսանկյունից: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար ԵՄ դիտորդներ Հայաստան ուղարկելու վերաբերյալ: Ցավոք, մեր հարևան երկիրը դեռևս պատրաստ չէ կամ, համենայն դեպս, իր գործողություններով ապացուցում է, որ պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեր այցը և մաղթում արգասաբեր աշխատանք»,- իր խոսքում ասել է նախագահը:
Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Սա իմ առաջին այցն է Հայաստան, հայ-խորվաթական հարաբերությունների պատմության ընթացքում Խորվաթիայի նախարարի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հանդիպել Ձեզ, ինչպես նաև մեր հայ գործընկերների հետ այս երկօրյա այցելության շրջանակում: Կարծում եմ, որ մենք պետք է հաստատենք ավելի սերտ համագործակցություն և ընդլայնենք գործակցության շրջանակը՝ միասին շատ ավելին անելու նպատակով»,- ասել է Գորդան Գրլիչ Ռադմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորություններին: Այս համատեքստում ողջունելի է համարվել Խորվաթիայի նախարարի այցի շրջանակում նախատեսված համատեղ գործարար համաժողովի անցկացումը: Երկուստեք կարևորվել է տնտեսական ոլորտում չօգտագործված ներուժի իրագործմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, նշվել է, որ փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացվել մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, զբոսաշրջության և այլ բնագավառներում:
Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամին և այն հնարավորինս արագ հանգուցալուծելու կարևորությանը:
Արմինֆո. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթանում է երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ փետրվարի 7-ին Բեռլինում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Արմինֆո. Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ:
Արմինֆո. Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը՝ երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։