Պրն. դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ-չեխական հարաբերությունների ներկայիս մակարդակը:
Երևանում և Պրահայում Հայաստանի և Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումից ի վեր հայ-չեխական հարաբերություններն ինտենսիվացել և դինամիկ զարգացում են ապրում: Հայ-չեխական բարեկամական հարաբերությունները զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ հումանիտար ոլորտներում: Եթե խոսենք քաղաքական հարաբերությունների մասին, դրանք այսօր, ավելի քան երբևէ, բարձր մակարդակի վրա են գտնվում: 2014 թ. Հայաստանի նախագահն այցելեց Պրահա, 2015 թվականին՝ վարչապետը և պաշտպանության նախարարը, 2012 թ. Չեխիա այցելեց ՀՀ ԱԺ նախագահը: Չեխական կողմից նույն միտումն է դիտվում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարը Երևանում է գտնվել 2013 և 2015 թվականներին, փետրվարի սկզբին Հայաստան այցելեց արդյունաբերության և առևտրի նախարարը, ընթացիկ տարվա հունիսին նախատեսվում է նախագահի և պաշտպանության նախարարի այցը Երևան: Փոխայցելություններ են տեղի ունենում խորհրդարանական պատվիրակությունների մակարդակով: Կաշխատենք հետագայում պահպանել համագործակցության գոյություն ունեցող բարձր մակարդակը:
Դուք շոշափեցիք երկկողմ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը, իսկ ինչպե՞ս են գործերը տնտեսական հարթությունում:
Ցավոք, տնտեսական տեսակետից ամեն բան այնքան էլ լավ չէ, և գոյություն ունեցող վիճակագրությունը լավատեսություն չի ներշնչում: Չնայած չեխական վիճակագրական տվյալները և Ազգային վիճակագրական ծառայության թվերը մի փոքր տարբերվում են, քանի որ որոշ դեպքերում ներառված են նաև վերաարտահանման թվերը, ինչպես նաև այլ նրբություններ, միտումները հիմնականում նույնն են: Արտահանման չեխական տվյալները մի փոքր բարձր են հայկականից: Այսպես, ըստ մեր վիճակագրության, հայկական ապրանքների արտահանումը դեպի Չեխիա 2014 թվականին կազմել է 2.122 մլն, իսկ 2015 թ.-ին՝ 2.181 մլն: Ինչպես տեսնում եք, աճը մեծ չէ` 50 հազար դոլարից մի փոքր ավելի: Ներմուծումը 2014 թ.-ին կազմել է 26.142 մլն դոլար, իսկ 2015 թ.-ին՝ 23.138 մլն դոլար: Ցավոք, արձանագրվել 3 մլն դոլարի անկում: Կարծում ենք, որ դա կապված է ինչպես ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման, այնպես էլ՝ մաքսատուրքերի և պայմանների փոփոխության հետ: Կարծում եմ՝ դա կապված է նաև Ռուսաստանի տնտեսական խնդիրների, ռուբլու փոխարժեքի անկման և Ռուսաստանից տրանսֆերտների կրճատման հետևանքով Հայաստանի բնակչության վճարունակության անկման հետ: Ցավոք, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը գտնվում է ցածր մակարդակի վրա՝ չնայած զարգացման լուրջ ներուժ կա: Հայաստանը կարող է Չեխիա արտահանել 10-15 մլն դոլարի ապրանք, բայց այդ ներուժն առայժմ չի օգտագործվում: Ըստ որում, ինձ ուրախացնում է այն փաստը, որ ավելանում է արդյունաբերական ապրանքաշրջանառությունը, ինչն ուղղակիորեն պայմանավորված չէ բնակչության վճարունակությամբ: Էներգակիների համար նախատեսված արդյունաբերական ապրանքների մատակարարումը դրական կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա: Ահա այսպիսի ոչ այնքան ուրախ պատկեր է տնտեսական համագործակցության ոլորտում, սակայն կա զարգացման ներուժ, և Հայաստանի ու Չեխիայի կառավարություններն աշխատում են այդ ուղղությամբ:
Դուք նշեցիք, որ հայկական ապրանքների արտահանումը մինչև 15 մլն ավելացնելու ներուժ կա, ի՞նչն է խանգարում դրան:
Կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբեկտիվ պատճառները: Օբյեկտիվը՝ տարածությունն է, լոգիստիկան, գները և տեղափոխման բարդությունները, ինչը բացասականորեն է անդրադառնում ներմուծման վրա: Սուբյեկտիվ- բացասական պատճառներն են՝ հայկական արտադրանքի մասին չեխ սպառողի չիրազեկվածությունը, տնտեսական դիվանագիտոթյան բացթողումը: Չնայած վերջին շաբաթներում այդ ուղղությամբ նկատվում են տեղաշարժեր՝ դեռ կան անելիքներ: Հայաստանը և Չեխիան գտնվում միանման պայմաններում.
երկու փոքր պետություն՝ փոքր շուկաներով: Եվ երկրի կառավարությունը պետք է աջակցի արտահանողներին՝ ստեղծի բարենպաստ պայմաններ, սահմանելով ցածր տոկոսադրույքեր, ապահովի ապահովագրական երաշխիքներ: Ինձ ուրախացնում է այն փաստը, որ Չեխիայի Հանրապետության արտահանման երաշխավորման և ապահովագրման կորպորացիան (EGAP) համագործակցում է Հայաստանի արտահանման ապահովագրման պետական գործակալության հետ: Կարևոր դեր է խաղում նաև չեխական Առևտրի աջակցման գործակալությունը, որն աշխատում է նոր գործարար շփումների ստեղծման ուղղությամբ: Դա փոխգործակցության իր ուղղվածությունն ունեցող կառավարական կառույց է, որը ոչ մի կերպ կապված չէ դիվանագիտական գերատեսչության հետ և վարում է իր առանձին քաղաքականոթյունը: Հայաստանում առայժմ չկա նման կառույց՝ չնայած այն շատ արդյունավետ է, և դա բացթողում է:
Եվ, այնուամենայնիվ, առավելապես ի՞նչ ապրանքներ են ներմուծվում և արտահանվում երկու երկրների կողմից:
Չեխական շուկայում ամենահայտնի հայկական ապրանքը հայկական բրենդին է, ցավոք, առայժ, միայն «Արարատը», իսկ հայկական մյուս ապրանքանիշերը դեռ Չեխիա չեն ներմուծվում: «Արարատը» մեծ ճանաչում ունի նաև Չեխիայի նախագահական պալատում. բոլոր կարևոր բանակցություններն ավարտվում են հայկական բրենդիով: Բայց կա ներմուծման ևս մեկ հեռնակարային ուղղություն` հայկական գինին: 2012 թվականին, երբ ես նոր էի ժամանել Հայաստան, բավականին դժվար էր գտնել կարգին գինի, քանի որ հայ սպառողը նախընտրում է կիսաքաղցր կամ քաղցր տեսակներ, իսկ ահա եվրոպացիները սովորել են չոր գինիների: Բարեբախտաբար, արդեն հայտնվել է ՙԿարաս՚ գինին, այնուհետև շատ այլ հիանալի ապրանքանիշեր, ինչպես՝ ՙԶորա՚, ՙԿատարո՚: Կարծում եմ, որ դա լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ դառնալու գինի արտահանող երկիր, ինչպես եղել է դարեր շարունակ: Եվ չեխական ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են: Այսօր չեխական ՙTerra Vinifera՚ ընկերությունն արդեն զբաղվում է հայկական գինիների ներմուծմամբ, որոնք արժանի տեղ են զբաղեցնում չեխական շուկայում:
Ներմուծման համար ևս մեկ հեռանկարային ուղղություն է գյուղատնտեսական արտադրանքը: Այսօր չեխական շուկայում գերիշխում են իսպանական և բելգիական բանջարեղենը, որոնք գեղեցիկ են ու էժան, բայց այնքան էլ համեղ չեն, իսկ հայկական գյուղմթերքը բնական է, հնարավոր է, որ այնքան էլ գեղեցիկ տեսք չունի, բայց համային ցուցանիշներով գերազանցում է մյուս երկրների մթերքներին, և, իհարկե, ավելի թանկ կարժենա: Կա նաև պահածոյացված արտադրանքի ներմուծում կազմակերպելու հնարավորություն:
Իհարկե, բրենդիից հետո պատվավոր երկրորդ տեղում է ֆերոմոլիբդենի արտահանումը, սակայն խոսքը վերաբերում է աննշան քանակով ներմուծումանը՝ մոտավորապես կես միլիոն դոլարի: Պահանջարկ կա, բայց առաջարկն ամբողջովին չի բավարարում պահանջարկը:
Արդյունավետ ուղղությունը կարող է լինել բարձրորակ աշխատուժի ներմուծումը:Հայերը փորձառու և հմուտ վարպետներ են: Չեխիան ունի նման մարդկանց պակաս: Այսինքն՝ փոխգործակցության ուղղությունները շատ են, բայց պետք է աշխատել ապրանքների ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ:
Փետրվարի սկզբին Երևան այցելեց չեխական պատվիրակությունը՝ արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի գլխավորությամբ: Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Երևանի և Պրահայի միջև այդ այցի ընթացքում:
Իհարկե, ոչ միշտ են բացահայտվում կառավարությունների միջև բանակցությունների մանրամասները, բայց կարող եմ ասել, որ այցի ընթացքում նախարար Մլադեկը հանդիպել է Հայաստանի էներգետիկայի նախարարի հետ: Նա այցելել է նաև ՀԱԷԿ, քանի որ չեխական ՙՇկոդա՚ ընկերությունն արդեն ԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված գործունեություն է իրականացնում: Էներգետիկան մեր համագործակցության առաջնահերթ ուղղություն է: Նախագծերը թանկ են և պահանջում են ֆինանսական մեծ ներդրումներ: Իհարկե, առևտրի ֆինանսավորումը լավ բան է, բայց թանկ է, հետևաբար, փոխգործակցությունն ընթանում է արտահանումային բանկի միջոցով՝ կառավարական կառույց, որտեղ ավելի ցածր տոկոսադրույքեր են, ինչպես նաև նախատեսված են մարման ավելի երկար ժամկետներ: Իհարկե, շոշափվել են նաև շատ այլ հարցեր:
Պրն. Դեսպան, ինչպե՞ս եք գնահատում ՙՉեխական ավիաուղիների՚ թռիչքների վերսկսման հնարավորությունը:
Հայկական շուկա ՙՉեխական ավիաուղիների՚ վերադարձի հետ կապված իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ: Դա ցավոտ հարց է ինչպես Հայաստանի, այպես էլ՝ Չեխիայի համար: Ընկերության նոր սեփականատերերը փորձել են անցած տարվա դեկտեմբերին և ընթացիկ տարվա հունվարին վերադառնալ հայկական շուկա՝ թռիչքների շահութաբերությունը գնահատելու նպատակով: Այդ մի քանի թռիչքների փորձը ցույց է տվել, որ երկարաժամկետ հեռանկարում չվերթերի իրականացման համար պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն: Սակայն, բանակցությունները դեռ շարունակվում են: Բանակցությունների ամենանրբանկատ մասը Երևանի ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանի պայմաններն են: Օդանավակայանի ծառայությունների գները բավական բարձր են: Թե՛ Հայաստանը, թե՛ Չեխիան, թե՛ ՙՉեխական ավիաուղիները՚ շահագրգռված են կանոնավոր չվերթերի իրականացմամբ, սակայն ընկերությունը չի կարող գումարներ կորցնել: Կարծում եմ, որ ՙԶվարթնոց՚ օդանավակայանը նույնպես պետք է շահագրգռվածություն ունենա. ավելի լավ է ծառայությունների դիմաց ընդունելի գներ առաջարկել, քան ընդհանրապես հաճախորդ կորցնել: Եթե երկու շաբաթ առաջ ինձ հարցնեին ընկերության թռիչքների վերսկսման մասին, ես կասեի, որ մայիսին նախատեսվում է չվերթեր սկսել, սակայն այդ հարցի առնչությամբ վերջին տվյալները, այսպես ասած, չեզոք-բացասական են:
Անդրադառնանք քաղաքական օրակարգի հարցերին… ԵԽԽՎ վերջին նստաշրջանում չեխական պատվիրակությունն ընդհանուր առմամբ աջակցեց հայ գործընկերների դիրքորոշմանը Ռոբերտ Ուոլթերի և Միլիցա Մարկովիչի նախագծերի առնչությամբ:
Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ինստիտուտը լավ հարթակ է բանավեճերի համար, սակայն այդ կառույցում ընդունվող փաստաթղթերն ազդեցություն չունեն քաղաքական որոշումների վրա՝ հատկապես կապված այնպիսի վտանգավոր թեմայի հետ, ինչպես հակամարտություններն են: Պետք է հասկանալ, որ ԵԽԽՎ-ն ազգային պատգամավորների վեհաժողով է, ովքեր ոչ ոքի հաշվետու չեն՝ բացառությամբ իրենց ընտրողների և քաղաքական ուժերի: Նրանք պարտավոր չեն նաև հավատարիմն մնալ իրենց պետության արտաքին քաղաքական ուղեգծին: Ասվածից ելնելով՝ կարծում եմ, որ այդ կառույցի քննարկմանը հակամարտությունների կարգավորման շուրջ հարցեր ներկայացնելն արդունավետ չէ: Մի կողմից այդ բանաձևերը քաղաքական կամ իրավական կշիռ չունեն, մյուս կողմից՝ դրանք անտեսել նույնպես չի կարելի, քանի որ նման փաստաթղթերը կողմերից մեկին քաղաքական շահարկումների են դրդում:
Այդ համատեքստում կցանկանայի նշել Հայաստանի խորհրդարանականների աշխատանքը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, ովքեր հաջողությամբ աշխատել են մեր պատգամավորների հետ: Գիտեմ, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամների դիրքորոշումն այդ երկու բանաձևերի առնչությամբ հայկական կողմի օգտին չէր: Ես դա գիտեմ, քանի որ այդ փաստաթղթերի առնչությամբ ԵԽԽՎ-ում չեխ պատգամավորների դիրքորոշումը փոխելու հայկական դիվանագիտության առաջին փորձը մի քիչ անհեռատես էր: Հայկական կողմը փորձել է այդ պատգամավորների վրա ազդել երկրի կառավարության և դեսպանատան միջոցով: Սակայն, տեղեկատվությունը, որը չեխ պատգամավորներն ստացել են դեսպաններից և այլ դիվանագետներից, սվիններով են դիմավորել՝ համարելով դա իրենց և իրենց անկախ կարծիքի վրա ներգործելու փորձ: Ես հայկական կողմին բազմից նշել եմ, որ այդ մեթոդն արդյունավետ չէ, այդ հարցերը պետք է քննարկեն երկու երկրների խորհրդարանականները և համատեղ ընդհանուր մոտեցումներ գտնեն: Հայկական կողմը հաշվի է առել դա և բավական արդյունավետ աշխատել այդ ուղղությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Չեխիայի խորհրդարանում հաստատված լավ կապեր ունի, և Պրահա այցի ընթացքում իրեն հաջողվել է դրական լուծել այդ հարցը:
Բայց դա միջազգային հարթակներում երկո երկրների պատվիրակությունների հաջող, ներդաշնակ համագործակցության ամենևին միակ դեպքը չէ: Կապերն ու մոտեցումներն այնքան լավ են հաստատված, որ հաճախ դիրքորոշումները համակարգվում են երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միայն մեկ զանգով: Կարծում եմ, որ դա վկայում է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին և միմյանց նկատմամբ կողմերի վստահության դևսևորում է՝ չնայած այն բանին, որ Չեխիան ԵՄ անդամ է, իսկ Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միության:
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ է ընդունել, Երևան իր այցի ընթացքում Պատգամավորների պալատի ղեկավարն իր ելույթում օգտագործեց ՙցեղասպանություն՚ տերմինը, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին Չեխիան ներկայացված էր փոխխոսնակի մակարդակով… Հնարավո՞ր է արդյոք մոտ ապագայում Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ավելացնեմ, որ Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարասկզբի իրադարձությունների առնչությամբ ՙցեղասպանություն՚ տերմինն օգտագործել է նաև Չեխիայի նախագահը Հայաստանի նախագահի Պրահա այցի ժամանակ իր ելույթում: Այնուամենայնիվ, այդ հարցը պետք է ուղղել կամ մեր խորհրդարանի խոսնակին, կամ մեր պատգամավորներին, կարելի է ուղղել նաև Չեխիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահին: Կարծում եմ՝ հենց նա կարող է պատասխանել այդ հարցին, քանի որ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած բանաձևի հեղինակն է հանդիսանում: Այդ հարցը կարելի է հղել նաև Չեխիայի նախագահին, ով հունիսի սկզնին նախատեսում է այցելել Հայաստան:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և ԵՄ երկրների միջև վիզային ռեժիմի լիակատար վերացման հնարավորությունը:
Կարծում եմ, վաղ թե ուշ, դա տեղի կունենա: Եթե հիշում եք, Հայաստանի և ԵՄ միջև ստորագրվել են վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրեր, և դա արդեն դրական քայլ է այդ ուղղուիթյամբ: Բայց ինձ դժվար է ասել, թե որքան շուտ կարելի է սպասել վիզային ռեժիմի լիակատար վերացում, կարող եմ միայն ասել, որ Չեխիան աջակցում է այդ գաղափարին: