ՙԳազային համաձայնագրերի՚ վավերացման հարցը պետք է քննարկվի Սահմանադրական դատարանում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
ՙԴեկտեմբերի 23-ին խորհրդարանում խախտում է տեղի ունեցել, քանի որ հաշվիչ հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, և կոլեգիալ որոշում պետք է կայացներ, հետևաբար` այն պետք է բողոքարկվի՚,- ընդգծել է պատգամավորը:
Ազգային ժողովը դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում 77 ՙկողմ՚, ոչ մի ՙդեմ՚ և ՙձեռնպահ՚ ձայնով վավերացրել է ՙՀայՌուսգազարդի՚ բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը: ՀԱԿ, ՙԺառանգություն՚, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները բոյկոտել են քվեարկությունը: Ավելին, ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հաջողվել է գողանալ մի շարք իշխանամետ պատգամավորների քվեարկության քարտերը, ինչի արդյունքում ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահնամյանն ստիպված է եղել ձեռքով քվեարկություն անցկացնել: Հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ն ի նշան բողոքի չի մասնակցել քվեարկությանը և հրաժարվել է ստորագրվել ամփոփիչ փաստաթուղթը: ՀԱԿ, ՙԺառանգություն՚, ՀՅԴ և ԲՀԿ ոչ իշխանամետ կուսակցությունները Սահմանադրական դատարանում կբողոքարկեն Ռուսաստանի հետ ՙգազային համաձայնագրերի՚ վավերացման շուրջ քվեարկության արդյունքները: