Ուրբաթ, 29 Մարտի 2013

Հայտնի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Երևանին խոստանում է երեկո տանգոյի ոճով

Հայտնի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Երևանին խոստանում է երեկո տանգոյի ոճով

Մարտի 30-ին Երևանում ելույթ կունենա հայտնի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին` Հայաստանի կամերային նվագախմբի հետ: Երեկոյի ծրագիրը խոստանում է լինել հագեցած ու հետաքրքիր` Գլազունովից մինչև Նինո Ռոտա, Գերշվինից մինչև Էնիո Մորիկոնե:

Ինչպես Մոնդելչին խոստովանել է մարտի 29-ի մամուլի ասուլիսում, նա, որպես երաժիշտ, բաց է տանգոյի և ջազի համար: Լինի դասական երգացանկ, կամ էլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, սաքսոֆոնահարը միշտ պատրաստ է իր ելույթներում սիրտ ու հոգի ներդնել: Մոնդելչին նշել է, որ դուդուկի մեծ երկրպագու է, և, ի նշան հայկական երաժշտության հանդեպ իր  սիրո, նա հանդիսատեսի համար անակնկալ է պատրաստել, համերգի ընթացքում կհնչի հայտնի հայկական ստեղծագործության իր մշակումը: Երաժիշտն առաջին անգամ չէ հանդես գալիս Հայաստանում, և առաջիկա համերգը կլինի նրա երրորդ համագործակցությունը Կամերային նվագախմբի հետ:

Ֆեդերկո Մոնդելչին համարվում է ժամանակակից առաջատար սաքսաֆոնահարներից: Հայրենի Իտալիայում նա ելույթ է ունեցել որպես մենակատար բոլոր գլխավոր նվագախմբերի հետ` ներառյալ Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Մոնդելչիի ՙհյուրախաղերի ցանկը՚ ներառում է Եվրոպան, ԱՄՆ, Ճապոնիան, ինչպես նաև Ռուսաստանը, որտեղ նա  հասցրել է հանդես գալ Մոսկվայի  կամերային նվագախմբի հետ` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, և Յուրի Բաշմետի ՙՄոսկվայի մենակատարների՚ հետ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն