«ԱրմենՏել» և «Ռոստելեկոմ» ընկերությունները ռեգուլյատորի միջամտությունից հետո
պայմանավորվեցին համագործակցել:
Մայիսի 30-ին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ռոստելեկոմ» ընկերության բողոքն ընդդեմ
«ԱրմենՏել» ընկերության: «Ռոստելեկոմ» ընկերությունը դիմել էր Հանձնաժողովին, հայտնելով, որ իր ծառայությունների աշխարհագրությունն ընդլայնելու և բաժանորդներին ինտերնետ կապ տրամադրելու նպատակով անհրաժեշտ է վարձակալել «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող որոշ ենթակառուցվածքներ: «Ռոստելեկոմը» տեղեկացրել է նաև, որ օրենսդրության պահանջին համապատասխան կատարել է բոլոր վճարումները:
Սակայն
«ԱրմենՏել»-ը «Ռոստելեկոմին» ներկայացրել է պայմանագիր, որտեղ բացի օրենսդրությամբ սահմանված վարձակալական գումարից, ներառված են եղել նաև լրացուցիչ այլ վճարներ, որոնք տարեկան հաշվով կազմում են մոտ 1.7 մլն.դրամ: Փաստացի «Ռոստելեկոմը» չի կարող այդ ծառայությունները ստանալ մեկ այլ ընկերությունից, քանի որ նման ենթակառուցվածքներ ունի միայն «ԱրմենՏելը»:
Վստահ լինելով, որ ընկերությունն այլընտրանք չունի, «ԱրմենՏելը» փորձել է վերջինիս պարտադրել պայմաններ և լրացուցիչ գումարներ գանձել: «ԱրմենՏելը» պարտավոր է բավարարել ցանկացած ընկերության դիմում, եթե վերջինս կատարել է համապատասխան ֆիքսված վճարումները:
Նիստում ելույթ է
ունեցել GNC-ALFA (Ռոստելեկոմի դուստրը) ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Փարմազյանը,
նշելով, որ Հանձնաժողովի միջամտության արդյունքնում խնդիրը արդեն իսկ կարգավորվել է և առանց լրացուցիչ պայմանների և վճարների պարտադրման, «ԱրմենՏելը» կնքել է պայմանագիրը:
«Գլխավոր խնդիրը
ոչ թե պատժելն է, այլ առաջացած պրոբլեմների լուծումը»,-նշել է Հանձնաժողովի
նախագահ Արտակ Շաբոյանը:
Հարկ է նշել, որ այս տարվա
մայիսի կեսերին մյուս ռեգուլյատորը` Հայաստանի Հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովը «ԱրմենՏել» ընկերությանը տուգանել էր 2,4 հազար դոլարով,
հեռախոսային գծի անցկացման համար նախատեսվող խողովակաշարը «Ռոստելեկոմ»
ընկերությանը ժամանակին չտրամադրելու համար: