Ձեր կարծիքով, արդյո՞ք ՀՀԿ-ին կհաջողվի հանրաքվեից հետո հերթական անգամ մեծամասնություն կազմել 2017 թ. գումարման խորհրդարանում:
Եթե խոսենք միջինժամկետ հեռանկարի մասին, Հայաստանի քաղաքական դաշտում հանրապետականների գերիշխմանը ոչինչ չի սպառնում: Երկրի սոցիալ-տնտեսական ծանր դրությունն, իհարկե, քննադատության առարկա է գործող իշխանության ընդդիմախոսների կողմից, սակայն վերջիններիս մոտ ակնառու առաջնորդներ, ինչպես նաև գործողությունների միասնություն չի նկատվում: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Հանրապետական կուսակցությունը, ինչպես և ցանկացած կառավարող կուսակցություն հետխորհրդային տարածությունում, ամենևին համախողների գաղափարապես սերտ միացած կոլեկտիվ չէ, այլ՝ տարբեր կենսագրություններով, նպատակներով և շահերով մարդկանց միավորող առավել բարդ կառույց: Այս առումով ամենևին փաստ չէ, որ հետագա տարիներին այդ կոնստրուկցիան ավելի մոնոլիտ կդառնա: Կարծում եմ, այս հանգամանքը պետք է հաշվի առնել երկրի քաղաքական կարգի՝ հօգուտ քաղաքական կուսակցությունների բարեփոխման համատեքստում, ինչն այժմ անխուսափելի է դառնում:
Գնահատեք 2018 թ. նախագահական լիազորությունները վայր դնելուց հետո Սերժ Սարգսյանի վարչապետության շանսերը:
2018 թ. նախագահական լիազորությունները վայր դնելուց հետո Սերժ Սարգսյանի վարչապետության շանսերի առնչությամբ որևէ կանխատեսում անելը վաղաժամ է:
Որքանով կարելի է հասկանալ այսօրվա իրավիճակից՝ նման հնարավորությունը բացառված չէ: Հենց Սարգսյանն է Հանրապետական կուսակցության առաջնորդը, ով հաղթանակի առավել նախընտրելի շանսեր ունի 2017 թ. խորհրդարանական ընտրություններում՝ ընտրական իրավունքի ժամանակակից նորմերին համապատասխան: Այս առումով վարչապետի թեկնածուի առաջադրումը խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապող Հայաստանի գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև շատ կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունները միանգամայն խելամիտ և իրատեսական եմ գնահատում: Ամեն դեպքում ապագա վարչապետը՝ որպես բավականաչափ իշխանական լիազորությունների տիրապետող անձ, պետք է թե՛ երկրի կառավարման, թե՛ արտաքին քաղաքական գործունեության բավարար փորձ ունենա: Հակառակ դեպքում, վրացական ՙինստիտուցիոնալ անորոշության՚ կամ ուկրաինական քաղաքական բուֆֆոնադայի տարրերը ապահովված են Հայաստանին, ինչը, անշոիշտ, խիստ վտանգավոր է:
Վարկած կա, ըստ որի՝ Հայաստանի սահմանադրական փոփոխություններն այդ թվում պայմանավորված էին հեռահար նպատակներ հետապնդող ՙարևմտյան պատվերով՚, ինչը, բնականաբար, հակասում է Ռուսաստանի շահերին: Որքանո՞վ է հիմնավոր այս վարկածը:
Նման վարկածը, կարծում եմ, գոյության իրավունք ունի: Իշխանական ուղղահայացի տրանսֆորմացիան, կայացվող որոշումների համար պատասխանատվության հնարավոր լղոզումն օբյեկտիվորեն մեծացնում են արտաքին, ամենից առաջ՝ արևմտյան ուժերի հնարավորությունները, որոնք ձգտում են ազդել հետխորհրդային տարածության ցանկացած երկրի և, մասնավորապես, Հայաստանի իրավիճակի վրա: Հայաստանի սահմանադրական հատուկ հանձնաժողովի առնվազն որոշ անդամների բազմամյա գործունեությունը եվրոպական կազմակերպություններում, որոնք զբաղված են երրորդ աշխարհի երկրներին ՙտեխնիկական օգնության՚ ցուցաբերմամբ, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Բացի այդ, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի գոյություն ունեցող փորձը, որտեղ թույլ կառուցված քաղաքական դաշտի պայմաններում ներդրվեցին, այսպես կոչված, ՙխորհրդարանական ժողովրդավարության՚ տարրեր, ակնհայտորեն վկայում է այդ մասին: Այս առումով մնում է միայն հուսալ, որ Հայաստանը կխուսափի իրավիճակից, որի դեպքում ստիպված կլինի երկրի ազգային շահերին հակասող որոշումներ կայացնել:
Նոր Սահմանադրությունը ենթադրում է իշխանական լիազորությունների և, համապատասխանաբար, կառավարության, խորհրդարանի և նախագահի միջև պատասխանատվության ՙլղոզումը՚: Արդյո՞ք նման իրավիճակը բխում է Հայաստանի գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի շահերից:
Կարծում եմ, որ Հայաստանը և Ռուսաստանը պետք է փոխգործակցության ձևաչափերի և մեխանիզմների սրբագրում կատարեն, որպեսզի ճշտեն, թե արդյոք նոր սահմանադրական համակարգում, օրինակ, վարչապետը կարևոր որոշումներ կայացնելու և դրանց իրականացման համար պատասխանատվություն կրելու նպտակով լիազորված անձ է հանդիսանալու, թե՞ Ռուսաստանի նախագահը ստիպված է լինելու միաժամանակ հանդիպել նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի և կառավարող կուսակցության առաջնորդի հետ, ինչպես հարևան Վրաստանի դեպքում: Այստեղ անհրաժեշտ է հստակություն մտցնել, ինչը դեռ չկա: Եվ սա միայն հարցերից մեկն է, որոնք անխուսափելիորեն ի հայտ կգան:Կարծում եմ, որ արդեն հիմա, հաշվի առնելով Հայաստանում քաղաքական կուսակցությունների դերի մեծացումը, անհրաժեշտ է ռուս-հայկական լուրջ և առարկայական միջխորհրդարանական երկխոսություն: Նախորդ տարիներին միջկուսակցական հարաբերությունների որոշակի հիմքեր դրվել են, օրինակ՝ ՀՅԴ և ՙՍպրավեդլիվայա Ռոսիայի՚ համագործակցության գծով, սակայն, այժմ, կարծում եմ, այն որակական ուժեղացման կարիք ունի, այդ թվում՝ փորձագիտական մակարդակով:
Կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականի անցումը Հայաստանի նման երկրներում ենթադրում է որոշակի ռիսկեր՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը և ԻՊ ահաբեկիչների գործողությունները: Արդյո՞ք մեր իշխանությունները կկարողանան դիմագրավել այդ ռիսկերին:
Խոսքը վերաբերում է ոչ միայն Սիրիայի տարածքում զինված հակամարտությանը, այլ նաև այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում, դրա հնարավոր արձագանքներին: Այդ թվում Թուրքիայի կողմից սատարվող ահաբեկչական ավազակախմբերի կողմից Ժամանակավորապես օկուպացված տարածքներում դիրքերը կորցնելուն զուգահեռ մեծանում է խոշոր ահաբեկչությունների ռիսկը, ինչպես վերջերս Հոմսում տեղի ունեցավ: Էթնաժողովրդագրական դինամիկան Վրաստանին և Հայաստանին սահմանակից թուրքական տարածքներում նույնպես թույլ չեն տալիս կորցնել զգոնությունը:
Անվտանգության ոլորտում առաջացող ռիսկերը համալիր բնույթ են կրում՝ սկսած զինված սադրանքների փորձերից, օրինակ, Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերում թուրքական ձկնորսանավի կողմից սահմանի խախտումները, մինչև միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանի դրությունը բարդացնելու փորձերը: Ռուսաստանում, ինչպես 1990-ական թթ. սկզբին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, բախվեցին մարտահրավերների միջազգային ահաբեկչության և դրա վրա խաղադրույք կատարողների կողմից: Խոսքը վերաբերում է ոչ միայն թշնամական գործողություններին, այլ նաև տեղեկատվական ՙվիրուսներ՚ տարածելու փորձերին, որոնք երկրի քաղաքացիների շրջանում վախի և անվստահության զգացում տարածելու նպատակներ են հետապնդում:
Ամենևին բացառված չէ, որ Հայաստանը ևս, օրինակ, Լեռնային Ղարաբաղում և սահմանին լարվածության սրմանը զուգահեռ նման մարտահրավերների կբախվի, և երկրի անվտանգության համար պատասխանատու մարմինները պետք է պատրաստ լինի գործողությունների, այդ թվում՝ ամենանբարենպաստ պայմաններում:
Ընդհանուր առմամբ Հայաստանին հաջողվել է ազգային անվտանգության ապահովման բավականին արդյունավետ համակարգ կառուցել՝ չնայած ոչ ոք անհաջողություններից ապահովագրված չէ: Այս առումով ակնհայտ է, որ այդ ոլորտում ցանկացած փոփոխության, ինչն անմիջականորեն կապված է պետության նորմալ կենսագործունեության համար պատասխանատու կառույցների գործունեության հետ, անհրաժեշտ է առավելագույնս զգույշ մոտենալ՝ անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով: