Մոսկվայում Խաղողի և գինու միջազգային կազմակերպության (OIV) անցկացրած գինու և սպիրտային խմիչքի միջազգային մասնագիտական 17-րդ համտես-մրցույթում Հայաստանի ներկայացրած անապակ գինիներից «Նորավանք» սպիտակը և «Բագրատունի» կարմիրը («Մարան» ընկերություն) արժանացել են ոսկե մեդալների: Այդ մասին
ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է «Մարան» ընկերության ղեկավար, Հայաստանի
գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Նրա ասելով, մեդալները հանձնվել են
նոյեմբերի 28-ին: «Նորավանք» գինին արժե 3 հազար դրամ, այն արտահանվում է Ֆրանսիա
և Լեհաստան: «Բագրատունի» գինին արժե 5500
դրամ և իրացվում է, հիմնականում, Հայաստանում:
Հարությունյնաը նշել է, որ Խաղողի և գինու միջազգային կազմակերպությունը տարվա ընթացքում կազմակերպում է նմանատիպ 5-6 մրցույթ, որոնցից մեկը` Մոսկվայում: Մրցույթին ներկայացվում են խաղողի բնական հանգիստ, խաղուն, մրգային և հատապտղային գինիներ, ինչպես նաև կոնյակներ ու նմանատիպ թունդ ալկոհոլային խմիչք: Այս տարվա մրցույթ-փառատոնին ներկայացվել են գինեգործական 17 երկրների ավելի քան 200 նմուշ գինիներ: Դրանց մասնակցում են կազմակերպության անդամ
երկրները, սակայն մասնակցության իրավունք է ընձեռվում նաև նրանց, ովքեր հետագայում
կարող են դառնալ կազմակերպության անդամ: Հայաստանն առայժմ OIV անդամ
չէ: