Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դարձյալ դժգոհ է ֆինանսավորման ծավալներից, ինչի մասին նա հայտարարել է այսօր խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ: Հաջորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսավորման համար նախատեսվում է 213 մլն դրամ հատկացնել բյուջեից:
Անդրեասյանը հաղորդել է, որ օմբուդսմենի գրասենյակը դեռ մեկ տարի առաջ հրաժարվել էր դրամաշնորհային ծրագրերից, որպեսզի կախված չլինի միջազգային կառույցներից: Հետևաբար, դա պետք է փոխհատուցվի պետբյուջեի հաշվին: Օմբուդսմենը նշել է, որ ի սկզբանե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջետային հայտը կազմում էր 244 մլն դրամ: Եթե հայտը մերժվի, ապա ստիպված կլինեն հաջորդ տարվա հունվարի 1-ից կասեցնել արագ արձագանքման խմբերի գործունեությունը, ինչպես նաև փակել գրասենյակի 6 մարզային ներկայացուցչություններից 3-ը:
Օմբուդսմենը հիշեցրել է, որ անցյալ տարի արագ արձագանքման խմբերը պատասխանել են 1025 ահազանգերի, ակտիվորեն են գործել հանրահավաքների և երթերի ընթացքում բռնության կիրառման դեպքերում, կարողացել են կանխել անօրինության դեպքերը զորամասերում և այլ փակ հաստատություններում:
Անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերի բարձրացմանը` Անդրեասյանը նշել է, որ կորնկրետ իր պարագայում եղել է աշխատավարձի իջեցում: Նա նշել է, որ գործող օրենսդրության համաձայն, իր աշխատավարձի մակարդակը պետք է հավասարեցվի ՍԴ նախագահի աշխատավարձին, սակայն այդ աշխատավարձի գործակիցը 0.5 կետով ավելի ցածր է: Նա նշել է, որ, փաստորեն, փորձ է արվում սահմանափակել իր լիազորությունները, ինչը կարելի է գնահատել որպես ճնշում օմբուդսմենի նկատմամբ: ՙԻմ իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվեն պատգամավորները, ես կզբաղվեմ 2.5 մլն մարդու իրավունքների պաշտպանությամբ: Ես ձեզ խնդրում են օգնել ինձ ապահովելու այդ 10 մլն դրամը, որպեսզի մենք կարողանանք պահպանել արագ արձագանքման խումբը՚, - հայտարարել է Անդրեասյանը` դիմելով պատգամավորներին:
Ըստ նրա հաշվարկների, եթե կառավարությունը հրաժարվի երկու-երեք համերգից, կրճատի մեկ-երկու գործուղում, ապա կարևոր կառույցների նորմալ ֆինանսավորումը հնարավոր կլինի: