
Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից:
Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների Կենտրոնը, ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեան ձայների 107 ՙկողմ՚, 59 ՙձեռնպահ՚ և 12 ՙդեմ՚ հարաբերակցությամբ մայիսի 15-ին հավանություն է տվել Սիրիայի հարցով բանաձևին, որը խիստ քննադատության է ենթարկում Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի վարչակազմին։
Հայաստանի հետ միասին քվեարկությանը ձեռնպահ մնացած պետությունների շարքում են եղել Ուկրաինան, Հնդկաստանը, Բրազիլիան, Ղազախստանը և Ղրղզստանը: Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը չեն մասնակցել քվեարկությանը:
Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Մոլդովան կողմ են քվեարկել:
Դեմ են քվեարկել Սիրիան, Ռուսաստանը, Զիմբաբվեն, Էկվադորը, Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Նիկարագուան, Իրանը, , Բոլիվիան։
Նոր բանաձևի տեքստում Սիրիայում հակամարտության էսկալացիայի պատասխանատվությունը դրվում է բացառապես Բաշար ալ Ասադի վարչակարգի վրա։ Ընդդիմությունը բանաձևում հիմնականում քննադատության է ենթարկվում անուղղակիորեն՝ առանց ուղղակի մատնանշման։ Բացի այդ՝ փաստաթղթի հեղինակները ողջունել են Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ստեղծումը, հայտարարելով՝ այս միավորումը կարող է մասնակցել հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններին։
Բացի այդ՝ բանաձևի տեքստում խոսվում է այն մասին, որ Սիրիայում իրադրության նորմալացման նպատակով անհրաժեշտ է ստեղծել անցումային շրջանի ղեկավար մարմին։ Նրա խնդիրները կլինեն երկրի նախագահի և կառավարության գործառույթների ժամանակավոր կատարումը, նոր Սահմանադրության նախագծի մշակումը և վաղաժամ ընտրությունների անցկացումը։
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը, ի տարբերություն Անվտանգության խորհրդի բանաձևերի, բացառապես խորհրդատվական բնույթ են կրում։