
Արդյո՞ք այսօրվա ժողովրդական շարժումը հիշեցնում է Ձեզ 80-ական թթ. վերջի- 90-ական թթ. սկզբի շարժումը:
90-ական թթ. մենք շատ լավ տեսնում էինք ԽՍՀՄ համակարգում, ընդհանուր առմամբ աշխարհում գոյություն ունեցող բազմաթիվ թերություններ: Եվ մենք`ժողովրդական շարժումը, որում ամենանշանակալից ձայնն ուներ ՙՂարաբաղ՚ կոմիտեն, ավելի մեծ կատարելություն էինք փնտրում`զուգահեռաբար բարձրացնելով Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվ այդ շարժումը, հրաժարվելով հին կենսափիլիսոփայությունից, ինչը միանգամայն ճիշտ էր, ընտրություն կատարեց հօգուտ նորի: Սակայն, անելով դա՝ մենք հետընթաց կատարեցինք նույնիսկ գոյություն ունեցող կենսամակարդակից`ՙուզում էինք լավ լինի, ստացվեց ինչպես միշտ՚ սկզբունքով: Հասարակության շրջանում կարծրատիպ կար, ըստ որի`Արևմուտքում արված ամեն բան ուղղակի ճանապարհ է դեպի քաղաքակրթություն, առաջընթաց քայլ` խորհրդային իրականության համեմատ: Եվ հայ հասարակությունը, հիմնվելով այդ կարծրատիպի վրա, ընդհանուր առմամբ կատարեց իր սխալ ընտրությունը, թեև դրա պատասխանատվությունը քաղաքական գործիչների և մտավորականության վրա էր դրված: Եվ այսօր գոյություն ունեցող ողջ նեգատիվը 90-ակա թթ. սկզբին արված սխալ ընտրության հետևանք է: Իսկ պատասպանել այն հարցին, թե որն էր ճիշտ ճանապարհը, այսօր հնարավոր չէ, սակայն այդ ժամանակ մեր կողմից իրականացված փոփոխությունների շատ պարամետրեր այսօր էլ արդիական են:
Ի՞նչ հույսեր եք կապում այսօրվա ժողովրդական բողոքական շարժման հետ:
ժողովրդական շարժման հետ հույսեր եմ կապում արդեն 25 տարի: Ոչ թե որոշակի մարդկանց`Րաֆֆի Հովհաննիսյան, Լևոն Տեր-Պետրոսյան և այլն, այլ հենց ժողովրդական շարժման հետ: Այս ողջ տարիներին մեր ժողովուրդը փնտրտուքի մեջ է եղել, քաղաքականապես ակտիվ`բառի ամենաբարձր իմաստով, քանի որ քաղաքականությունն ինտրիգների ամբողջություն չէ, որով երկար ժամանակ լցված է քաղաքական դաշտը: Այս առումով լուրջ համոզմունք ունեմ, որ վաղ թե ուշ մենք կհասնենք Հայաստանում լուրջ փոփոխությունների:
Հայաստանում խորքային փոփոխությունների համար կարելի՞ է արդյոք օգտագործել 80-ական թթ. վերջի- 90-ական թթ սկզբի մեթոդներն ու տեխնոլոգիաներն:
80-ական թթ. վերջին իշխանության իրական լծակները Շարժման ձեռքում չէին գտնվում, սակայն իրական գործընթացները ղեկավարում էր հենց նա: Այն բանից հետո, երբ Շարժումը հասավ իր նպատակին, իշխանական լծակներն իրենց ձեռքը վերցրեցին այդ նույն մարդիկ, մյուսները ցրվեցին`կործանելով իրական ժողովրդական իշխանությունը: Այսօր իշխանափոխությունն անձամբ ինձ համար Սերժ Ազատովիչի և մնացած բոլորի`ժողովրդի հավաքական կամքին ենթարկվելու մեջ է: Ի դեպ, նույն Լեհաստանում ՙՀամերաշխություն՚ շարժումը բավականաչափ փոխառել է Ղարաբաղյան շարժման փորձը: Այդ ժամանակ ԽՍՀՄ մայրամուտին մենք հավաքեցինք իշխանության մեջ չգտնվող, սակայն գիտելիքներ ու փորձ ունեցող մարդկանց, և կարծիքներ փոխանակելու արդյունքում կայացվեցին այս կամ այն կարևոր հարցի առնչությամբ համատեղ որոշումներ, որոնք էլ կյանքի կոչվեցին այդ մարդկանց կողմից: Կառավարման նման համակարգը հնարավոր է նաև այսօր, ավելին, վստահ եմ, որ այն պետք է գործի դրվի:
Այսօր կառավարող կուսակցությունում Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների առնչությամբ լուրջ մտահոգություն է զգացվում: Արդյո՞ք դրանք կարող են ժողովրդական դժգոհության կատալիզատոր հանդիսանալ`Ձեր հիշատակած գործընթացների համատեքստում:
Դժվարանում եմ հստակ պատասխան տալ Ձեր հարցին, սակայն դրա իրականացման համար ներուժ, անշուշտ, կա: Եթե դա տեղի չունենա, դա հնարավոր կդառնա առաջին հերթին այդ գործընթացին մասնակցող քաղաքական գործիչների սխալների և խռովության, երկրորդ`ժողովրդական թույլ ինքնակառավարման հետևանքով: Սակայն, դրա համար ներուժ այսօր կա, և հուսով եմ, որ այն կիրականացվի:
Հայաստանի ներքին գործընթացներում արտաքին գործոնների դերին չանդրադառնալ հնարավոր չէ...
Դրանք, ըստ ավանդույթի, շատ կարևոր դեր են խաղում հանրապետության ներքին քաղաքականությունում: 1988 թ. Ղարաբաղյան շարժումն սկիզբ առավ Մոսկվային ուղղված սովորական նամակով`այդ խնդիրը լուծելու խնդրանքով: Անսպասելիորեն այդ հարցում մեզ աջակցեց ԽՍՀՄ ԿԳԲ-ն`շահագրգռված լինելով պերեստրոյկայի դադարեցմամբ: Լուբյանկայում, ինչպես կյանքը ցույց տվեց, արդարացիորեն գտնում էին, որ գորբաչյովյան պերեստրոյկան կքանդի ողջ երկիրը, և որոշեցին Գորբաչյովին կանգնեցնել բռնության փաստի առաջ: Այդ պատճառով ԿԳԲ-ն աջակցեց և հրահրեց որոշակի մարդկանց ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից, որպեսզի բախումների հետևանքով արյուն թափվի: Սակայն, ի պատասխան, ԿԳԲ-ն միլիոնանոց հանրահավաք ստացավ Երևանում, որտեղ մարդիկ ուղղակիորեն ասացին, որ խաղաղ մարդկանց նկատմամբ բռնությունն անթույլատրելի է: Այդպիսով`մենք կառավարումը մեզ վրա վերցրեցինք, իսկ ԿԳԲ-ն`կորցրեց այն: Եվ այսօր այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում`ներառյալ ժողովրդի ոտքի կանգնելը, առավելապես արտաքին ուժերի գործողությունների հետևանք է:
Իսկ ահա այստեղ, խնդրեմ, ավելի մանրամասն...
Այսօր աշխարհաքաղաքական կարևորագույն կետերից մեկի ՝Հայաստանի համար կոշտ պայքարը շարունակվում է առաջին հերթին Ռուսաստանի և անգլոսաքսերի միջև`Եվրոպայի, Իրանի, Չինաստանի մասնակցությամբ: Եվ Հայաստանի ժողովրդական շարժումը նույնպես արտաքին ուժերի նախաձեռնության մասն է կազմում: Հայաստանի կառավարող ընտրախավը հիմնականում արևմտյան կողմնորոշում ունի, ինչը հարուցել է Մոսկվայի խիստ դժգոհությունը, որը 2012 թ. օգոստոսի դրությամբ պատրաստի որոշում է ունեցել` հեռացնել հայկական իշխող ընտրախավը և փոխարինել այն ռուսամետներով`ի դեմս ՙԲարգավաճ Հայաստանի՚, Հայ ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի և այլն: Արդյունքում դրանով մտահոգված Արևմուտքը որոշակի գործողություններ նախաձեռնեց, ինչից հետո Երևանը ստիպված էր ապացույցներ ներկայացնել Մոսկվային այն մասին, որ Ռուսաստանի շահերը Հայաստանում անշեղորեն կպահպանվեն նաև գործող իշխանության կողմից: Թե հատկապես ինչ ապացույցներ, չեմ կարող ասել, սակայն դրանք ակնհայտորեն ծանրակշիռ էին, քանի որ Մոսկվան հրաժարվեց իր մտադրություններից: Մոսկվան ոչ միայն ընդունեվ ներկայիս ղեկավարության`իշխանության ղեկին մնալու իրավունքը. Կրեմլն ընդհանրապես նախագահական ընտրությունների մրցավազքից հանեց իր բոլոր ուժերը, ինչն որևէ շրջանակի մեջ չի տեղավորվում`հանդիսանալով ակնհայտ անձեռնահասության դրսևորում: Այսօր աշխարհում գոյություն ունի համընդունելի պրակտիկա, ըստ որի`ցանկացած տերություն այս կամ այն երկրում հաստատում է ՙիր՚ ղեկավարությունը և ՙիր՚ ընդդիմությունը: Եվ ինչ էլ որ այդ երկրում փոխվի, իշխանությունը տերությունների համար մնում է ՙիրենցը՚:
Այլ կերպ ասած`նախագահական ընտրություններին ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ չմասնակցելու որոշումը կայացվե՞լ է Մոսկվայում:
Անշուշտ: Եթե Ռուսաստանն այդ ժամանակ աջակցեր ԲՀԿ-ին, վերջինս, անկասկած, կգնար ընտրությունների, իսկ առանց այդ աջակցության ՙբարգավաճներին՚ պարզապես ցույց են տվել իրենց տեղը, և նրանց այլ բան չէր մնում, համաձայնելուց բացի: Հայաստանը ոչ առաջին և ոչ էլ վերջին երկիրն է, որը ղեկավարում են արտաքին ուժերը. ինքնիշխանություն, որպես այդպիսին, աշխարհում գործնականում չկա: Համանման սցենար ժամանակին իրականացվել է Վրաստանում, որտեղ բավականին երկար ժամանակ ընդդիմությունը և իշխանությունունը նույն շրջանակից էին: Եվ ռուսները կարևոր քայլ բաց թողեցին Հայաստանում`մրցավազքից հանելով իրենց ընդդիմությանը և հավատալով հայաստանյան իշխանությունների խոստումներին: Երբ Մոսկվայում սկսում են չհասկանալ նման տարրական բաներ, սկսում ես հասկանալ, որ խոսքն այստեղ վերաբերում է Ռուսաստանում գլոբալ կոռուպցիայի առկայությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք չի թաքցրել, որ Հայաստանին տեսնում է ՆԱՏՕ-ի անդամ, ինտեգրված Եվրամիությանը, ինչն ինձ համար աղետալի է: Այնպես որ`այստեղ ամեն բան հասկանալի է: Եվ այս վակուումի լույսի ներքո`Արևմուտքին մնում էր միայն իր գործն անել`օգտագործելով այս հարցում Ռուսաստանի դրսևորած բացարձակ անձեռնահասությունը:
Եվ ինչ, արևմտամետ հայկական ընտրախավն այժմ ռուսամե՞տ է դարձել:
Չէի ասի, թե դարձել է: Այն ուղղակի իրեն այդպիսին հռչակել է: Ցանկացած իշխանություն Հայաստանում ո’չ արևմտամետ և ո’չ էլ ռուսամետ: Այն ձգտում է մեկ բանի`պահպանել անպատժելիորեն կողոպտելու իրավունք: Իսկ այդ իրավունքն այսօր առաջին հերթին տալիս է Արևմուտքը: Եթե այն տա Կրեմլը, նրանք անմիջապես կգնան այնտեղ: Հայաստանի քաղաքական ընտրախավը, վերջին սոցհարցման արդյունքների համաձայն, այսօր 80%-ով արևմտամետ է, իսկ ժողովուրդը` 80%-ով ռուսամետ: Այդպես է ստացվում, քանի որ Արևմուտքը շատ արդյունավետ է գործում Հայաստանում: Նրանց ձեռքում քիչ խաղաքարտեր կան, բայց նրանք հիանալի են դրանք խաղարկում: Իսկ Ռուսաստանի ձեռքում մեծ մահակ է, այդ պատճառով պետք է հաշվի նստել նրա հետ:
Ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել, որպեսզի ներկայիս ժողովրդական շարժումը հերթական անգամ օգտագործված չլինի Ձեր հիշատակած ուժերի կողմից:
Այսօր այդ վտանգն, անշուշտ, կա և միշտ էլ եղել է: Եվ այսօր պետք է անել ամեն բան`այդ սցենարը կանխելու նպատակով, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ճիշտ կողմնորոշվել գոյություն ունեցող իրավիճակում: