
Ինչպես և սպասվում էր, հերթական ընտրական փուլի ավարտից հետո իշխանավորները մեզ`հասարակ մահկանացուներիս, հերթական, բնականաբար`ոչ հաճելի, անակնկալը մատուցեցին: Այս անգամ այն մատուցվեց`Հայաստանում գազի մանր և խոշոր սպառողների համար ՙերկնագույն վառելիքի՚ գնի առաջիկա բարձրացման մասին տեղեկատվության տեսքով: Արդեն կարելի է վստահորեն նշել է, որ հաշվի առնելով վերջին տարիներին հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական անմխիթար իրավիճակը`գազի առաջիկա թանկացումը հերթական հարվածը կհասցնի հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին`տնտեսությունից մինչև էկոլոգիա:
Մայիսի 14-ին ՙՀայՌուսգազարդը՚ դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ գազի սակագինը վերանայելու հայտով: Ընկերությունն առաջարկում է մինչև 10 հազ. խմ սպառողների համար (բնակչության) 1000 խմ գազի ներկայիս 132 հազար դրամ գինը բարձրացնել մինչև 221 հազար դրամ: Խոշոր գազ սպառողների համար առաջարկվում է բարձրացնել գազի գինը մինչև $392: Արդեն մայիսի 16-ին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա կազմակերպեցին կառավարության, ՀԾԿՀ շենքի և նախագահի նստավայրի մոտ ՙՀայՌուսգազարդի՚ որոշման դեմ`համապատասխան դիմում ներկայացնելով ՀԾԿՀ և նախագահի աշխատակազմին: Ի պատասխան դրա` ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ գազի թանկացման հիմնական պատճառը սահմանին վառելիքի գնի` 1000 խմ դիմաց $180-ից մինչև $270 բարձրացումն է: Մինչդեռ Պետեկամուտների կոմիտեի հաշվետվության համաձայն, ՙՀայՌուսգազարդը՚ ռուսական գազ է գնել 1000 խմ դիմաց 247$ մաքսային արժեքով
դեռ 2012 թ. առաջին եռամսյակից: Մինչդեռ 2012 թ. դեկտեմբերին իշխանությունները հավաստում էին, թե Հայաստան մատակարարվող գազի գինը կազմել է ընդամենը $180: Այսպիսով, իշխանությունները գրեթե մեկուկես տարի թաքցրել են թանկացման փաստը`չցանկանալով էլ ավելի սրել սոցիալական իրադրությունը խորհրդարանական, նախագահական և Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններից առաջ: Ոչ պաշտոնական տվյալներով, դա արվել է ՙՀայՌուսգազարդի՚ հաշվին, որն իշխանությունների հետ գաղտնի համաձայնությամբ, ի հաճույս հանրապետականների, պարտավորվել է վնասներ կրել`ընդհուպ ընտրական փուլի ավարտը: Այժմ հանրապետականների կողմից իշխանության վերջնական մոնոպոլացումից հետո, հաշվի առնելով, որ Հայաստանում ընտրություններ չեն լինելու 4 տարի, արդեն ոչինչ չի խանգրում իշխանությանը բացել հերթական անգամ հիմարացված ընտրազանգվածի աչքերն իրական անմխիթար իրադրության վրա:
Այնուամենայնիվ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այստեղ ևս ցույց տվեց իշխանությունների անխոնջ հոգածությունը ժողովրդի հանդեպ`հայտարարելով, որ գազի սակագների վերանայման հետ կապված`կառավարությունը կսուբսիդավորի դրանք 30 տոկոսով: Հաշվի առնելով վարչապետի մեկ այլ հայտարարությունը, ըստ որի`Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկելու միջազգային կապիտալի շուկայում, Սարգսյանի կառավարությունը, ըստ երևույթին, մտադիր է անել դա հերթական ֆինանսական փոխառությունների միջոցով:
Ըստ էության, գազի թանկացման 30% սուբսիդավորումը ներքին ռեսուրսների հաշվին`եվրոբոնդերի թողարկման միջոցով, կարող էր իրականություն դառնալ: Դրա համար հիմք է հանդիսանում երկրի արտաքին պարտքի գերակշռումը ներքին պարտքի նկատմամբ: Հաշվի առնելով հայկական մտածողության առանձնահատկությունը`գրեթե բոլոր ձեռնարկատերերը, բնակչության զգալի մասը տանը և բանկում, այսպես կոչված, cash է պահում ՙսև օրվա՚ համար: Այլ կերպ ասած`ներքին միջոցների մոբիլիզացման հնարավորություններ կան: Սակայն, բացակայում է գլխավորը, ինչը կարող էր ստիպել բնակչության հանել այդ միջոցները պահոցներից և օգնել Սարգսյանին իրականացնել երկրի համար նոր ֆինանսական սխեման`մոտիվացիան: Այնպես է ստացվել, որ Հայաստանի անկախության ավելի քան 20 տարիները վերջինիս`բազմից իշխանությունների կողմից խաբված քաղաքացիներին չափազանց կասկածամիտ են դարձրել այդ նույն իշխանության բոլոր նախաձեռնությունների հանդեպ: Հետևաբար`պետք չէ սպասել, թե այսօր հասարակությունը հանկարծ
կհրաժարվի վերջին ունեցածից, որպեսզի օգնի իր այդքան սիրելի իշխանությանը: Ինչ վերաբերում է իրենց պորտֆելներն արտասահմանյան պարտատոմսերով համալրող օտարերկրյա, այդ թվում`ինստիտուցիոնալ ներդրողներին, ապա ակնկալել նրանց լոյալությունը հայկական արժեթղթերի նկատմամբ, տնտեսության փաստացի լճացման և քաղաքական բարձր ռիսկերի վերջին տարիների կտրվածքում, պետք չէ`նույնիսկ ամենաբարձր տոկոսների դեպքում:
Հարկ է նաև նշել, որ գազի սակագների հերթական թանկացումն արդեն իրենց նպատակների համար են օգտագործել հատկապես վերջին տարիներին հանրապետությունում բազմացող արևմտամետ, հակառուսական գործիչները: ԶԼՄ-ները լի են ՙԳազպրոմի՚, նրա դուստր ՙՀայՌուսգազարդի՚ և, բնականաբար, պաշտոնական Մոսկվայի հասցեին խիստ քննադատություն պարունակող հոդվածներով: Չնայած այդ խնդրում քաղաքական աստառի բացակայության վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին` լրագրողները պնդում են, որ գազի սակագների բարձրացումը պայմանավորված է Կրեմլի կողմից ՙերկնագույն վառելիքի՚`որպես քաղաքական գործիք հերթական օգտագործմամբ: Հաշվի առնելով, որ Երևանը մինչ այժմ պարզորոշ պատասխան չի տվել թե’ Մոսկվային, թե’ Բրյուսելին եվրասիական նախագծերին իր մասնակցության առնչությամբ`հիշյալ կարծիքը գոյության իրավունք ունի: Հատկապես դա արդիական է`հաշվի առնելով Մոսկվայի կոշտ դիրքորոշումը ռուսական էներգակիրների մատակարարումների`իրանականով հնարավոր դիվերսիֆիկացման հարցերում, ինչն անմիջապես բխում է Հայաստանի ազգային շահերից: Ամեն դեպքում ցավով պետք է փաստենք, որ ՙԳազպրոմի՚ որոշումը, այսպես թե այնպես, հակառուսական տրամադրությունների նոր ալիք է բարձրացրել Հայաստանում: Եվ միամիտ կլիներ կարծել, թե այդ ալիքը չեն փորձի սանձել Ռուսաստանի արևմտյան ՙգործընկերները՚:
Եվս մեկ անխախտելի փաստ է այն, որ ՙՀայՌուսգազարդին՚, որը հերթական անգամ առաջարկում է բարձրացնել գազի գինը, ավելին, քան դրա անհրաժեշտությունը կա, հաստատ պետք չէ առանձնակի հույսեր կապել դրա հետ`վնասների փոխհատուցման առումով, ինչի մասինը վերը խոսվել է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՙերկնագույն վառելիքի՚ գնի ցանկացած բարձրացում ավանդաբար հանգեցնում է Հայաստանում դրա սպառման ծավալների կրճատման: Որպես հետևանք`գազի ցանկացած թանկացում հանգեցնում է վառելափայտի սպառման ավելացման, հատկապես`գյուղական համայնքներում: Արդյունքում վերջին տարիներին, չնայած հանրապետության գրեթե ամբողջական գազիֆիկացմանը, իսկ Հայաստանը գազիֆիկացման ամենաբարձր ցուցանիշն ունի ԱՊՀ-ում, վառելափայտի սպառման ծավալներով հանրապետությունն աստիճանաբար հետ է գնում դեպի ՙմութ, ցուրտ և սոված՚ 90-ականները: Տարբերությունը միայն այն է, որ եթե 2012 թ. ձմռանը մեկ խմ վառելափայտը գյուղացիները գնում էին ՙընդամենը՚ 15-17 հազար դրամով, ապա 2013 թ. ձմռանը դրա արժեքը կարող է հասնել մինչև 20-25 հազար դրամի: Մինչդեռ միջազգային համագործակցության գերմանական ընկերության հետազոտությունների համաձայն (GIZ), այսօր հանրապետության անտառածածկույթը կազմում է հանրապետության ողջ տարածքի 1,1% : Եվ դժվար չէ կանխատեսել, որ 2013 թ. ձմեռն անտառային զանգվածների էլ ավելի մեծ ոչնչացման պատճառ կդառնա: Դա իր հերթին էկոլոգիական նոր խնդիրներ կառաջացնի:
Միաժամանակ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը զարմանալի եռանդ ցուցաբերեց`իր նախաձեռնությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց սկսելով: Էներգապաշարների առաջիկա թանկացմանը համապատասխան կերպով են արձագանքում ամբողջ հանրապետությյունում ապրանք արտադրողները, ինչի մասին են վկայում փոփոխված գնացուցակները խանութներում: Ամենայն հավանականությամբ, գազի սակագների հերթական բարձրացումը չի շրջանցի նաև տրանսպորտային ոլորտը, որը գրեթե 100%-ով աշխատում է գազով: Սակայն, որքան էլ տարօրինակ է, բայց ընդհանուր առմամբ ժողովուրդը և ամենագլխավորը`իրենց ընդդիմություն կոչող քաղաքական կուսակցություններն առայժմ գազի 67% սպասվող թանկացման առնչությամբ առանձնապես չեն բողոքում: Այս տարօրինակ հանգամանքը հայկական քաղաքական դաշտի և մշակույթի խեղաթյուրման հերթական հավաստումն է: Ցավոք, դա բացատրվում է այլընտրանքի առկայությամբ, որից ավելի հաճախ են օգտվում մեր հայրենակիցները, մասնավորապես `ժողովուրդը շարունակում է բողոքել ոտքերով: