Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատվիրակության 2016 թվականի մարտի 2-ին Արցախ կատարած այցի շրջանակներում համագործակցության պայմանագիր է ստորագրվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյանը, կողմերը պարտավորվել են իրենց գիտական, մանկավարժական և նյութատեխնիկական կարողությունները ներդնել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության համար:
Կողմերն իրենց համագործակցությունն իրականացնելու են՝ նպատակ ունենալով՝ ուսումնաարտադրական և ուսումնագիտական բազաների օգտագործումը, փորձագիտական ոլորտի համար անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը, մասնագիտական կրթության շարունակականության ապահովումը, փորձագիտական ոլորտի մասնագետների պատրաստման գործում նպատակային հեռանկարային ծրագրերի մշակումը, գիտահետազոտական և ինովացիոն ծրագրերի առաջադրումը ու դրանց իրականացման աջակցությունը, գիտական, գիտահանրամատչելի, ուսումնական, տեղեկատվական և գիտամեթոդական գրականության փոխանակումը:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավարությունը մտադրություն ունի նաև աջակցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանին միջազգային կապերի ընդլայնման հարցերում, մասնավորապես, մի շարք եվրոպական, ռուսաստանյան, ամերիկյան, ճապոնական գիտական և գիտակրթական կենտրոնների հետ՝ հաշվի առնելով իրենց հետ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համագործակցության ներկայիս բարձր մակարդակը:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից պայմանագիրն ստորագրել է տնօրեն Ա.Ջավադյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հ.Թոքմաջյանը: