ՌԵՍՈ ապահովագրական ընկերության ղեկավար Սամվել Գրիգորյանը գտնում է, որ ապահովագրական շուկան խթանում են պարտադիր ապահովագրության տեսակները, որոնք մարդկանց սովորեցնում են ճիշտ ընկալել ապահովագրությունը, ինչի արդյունքում բարձրանում է նաև կամավոր ապահովագրության տեսակների սպառումը:
«Համենայն դեպս, պահանջարկի աճն առկա է: Օրինակ, եթե խոսենք ԿԱՍԿՈ-ի մասին, ապա այստեղ հարցը վերաբերվում է առաջնահերթություններին, որոնց փոփոխությունը բխում է ինչպես ԱՊՊԱ զարգացումից, այնպես էլ պարտադիր բժշկական ապահովագրությունից: Ռուսաստանում կամ Եվրոպայում ավտոմեքենա գնելը և ապահովագրություն չունենալը նոնսենս է, դա նույնն է, որ տուն գնեք և դռան վրա կողպեք չդնեք: Մենք նույնպես աստիճանաբար ընթանում ենք այդ ճանապարհով»,-նշել է նա ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում:
Ս.Գրիգորյանը գտնում է նաև, որ ապահովագրական կամավոր տեսակներից ամենից մեծ ներուժն ունի բժշկական ապահովագրությունը: Ներուժի առումով հաջորդ տեսակը նա համարում է անշարժ գույքի ապահովագրությունը: «Հաշվի առնելով մեր իրականոթյունը, մարդիկ գույք են գնում հիփոթեքով, ինչի հսմսր բանկերը վարկեր են տրամադրելիս պահանջում են ապահովագրել այդ գույքը: Սակայն, ցավոք, երբ հիփոթեքային վարկը մարվում է, անշարժ գույքի սեփականատերն ապահովագրության պայմանագիրը չի երկարաձգում, բայց դրա անհրաժեշտությունը նա սկսում է հասկանալ միայն այն բանից հետո, երբ տեղի է ունենում հրդեհ, կամ մեկ այլ պատահար: Դրա պահանջարկը ձևավորվում է շթղայաձև, ԱՊՊԱ-ից, առողջության ապահովագրությունից, ԿԱՍԿՈ-ից հետո»,-գտնում է տնօրենը:
Նրա կարծիքով, կորպորատիվ ապահովագրության մեջ անշարժ գույքի ապահովագրությունից բացի արդիական է նաև բեռնափոխադրումների ապահովագրությունը: «Այս տեսակի պահանջվածությունն աճում է, եթե հաշվի առնենք ԵՏՄ-ին Հայաստանի միանալը, քանի որ այն կդառնա բիզնեսը վարելու պարտադիր պայման, որովհետև ներկայիս պայմաներում ամեն ինչ հնարավոր է – սկսած պատահականություններից և վերջացրած կանխատեսված վնաս պատճառելու դեպքերից»,-նշել է Ս.Գրիգորյանը: