Ղրիմի գծով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունն
ուղղված չէր Ուկրաինայի դեմ, այն
արտացոլում էր Հայաստանի դիրքորոշումը ազգերի ինքնորոշման առնչությամբ: Այս մասին
այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասյանը:
Ի պատասխան, ՀՀ
խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխանախագահ
Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ այդ քվեարկությունով Հայաստանը,
գործնականում, իրեն մեկուսացրեց ՄԱԿ-ում, մնալով 9 երկրների շարքում, որոնք երկար
տարիներ գտնվում են մեկուցացման մեջ: «Դա շատ վտանգավոր միտում է, ինչը բարդեցնում
է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի աշխատանքը, եթե հաշվի առնենք նաև, որ
Մաքսային միության գծով Հայաստանի այդ նույն գործընկերներն այդ քվեարկությունից
մնացին ձեռնպահ: Ես հասկանում եմ, որ քվեարկությունն Ուկրաինայի դեմ չէր, բայց այն
նաև հանուն Հայաստանի չէր»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք,
որ մարտի 27-ին Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային
Կորեան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն դեմ
քվեարկեցին ՄԱԿ - ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով Ղրիմի հանրաքվեն ճանաչվեց
անօրինական: Փաստաթղթի օգտին քվեարկեց 100 երկիր, իսկ 58-ը մնաց ձեռնպահ: Իսկ
դրանից մեկ օր առաջ Երևանը հայտարարել էր, որ ձեռնպահ կմնա քվեարկությունից: