
Արմինֆո.Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։
«Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։
Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը և նպատակը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան։ Ինչպես քանիցս Մայր Աթոռը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր-կանոնական տիրույթում են, ուստի և դուրս են քաղաքական կուսակցությունների և պետական իշխանությունների իրավասություններից։
Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը», - ասվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որի գաղափարական հենքն է "իրական Հայաստանի" գաղափարը և երկրի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Ծրագիրը, ի թիվս այլ հարցերի, պարունակում է նաև Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ կետեր։ Դրանում ընդգծվում է ՀԱԵ, այսպես կոչված, բարենորոգման օրակարգի իրագործումը շարունակելու մտադրությունը, որը ենթադրում է Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացում, սահմանված ընթացակարգով ժամանակավոր պատրիարքի նշանակում, Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրության ընդունում, սահմանված կարգով Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն: Բացի այդ, նշվում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու բարենոորոգումն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում "սահմանադրական կարգի վերականգնմանը" ՝ եկեղեցին քաղաքական ոլորտից դուրս բերելու միջոցով:
Ընդգծենք, որ ՀՀ սահմանադրությամբ Հայ Առաքելական Եկեղեցին անջատ է պետությունից և ունի հատուկ առաքելություն։ Սակայն, նախորդ տարվա մայիսից երկրի իշխանություններն ակտիվ հակաեկեղեցական քաղաքականություն են վարում եւ ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռանալուն, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ ժամկետով: Այս արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականներ, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։