


Արմինֆո."Համահայկական ճակատ" կուսակցությունը համապետական ընտրապայքարի մեջ է մտնում Վարդան Ղուկասյանի "Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն" (ԴՕԿ) կուսակցության հետ միասնական ճակատով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը:
"Սա ուժի, պատասխանատվության և ազգային արժանապատվության համախմբման պատմական փուլ է։ Սա լինելու է միասնական կամքի, օրենքի գերակայության և պետական մտածողության հաղթանակ", - ասված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ "Համահայկական ճակատ" կուսակցության ակունքներում կանգնած են զորահրամանատարներ և բարձրաստիճան սպաներ:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել էր դեռևս 2025 թվականի նոյեմբերի 3-ին: Այն ժամանակ էլ նա կոչ էր արեց բոլոր առողջ քաղաքական ուժերին միավորվել հանուն պետության և ժողովրդի և մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը միանալ իրենց համահայկական շարժմանը: Ղուկասյանը նաև տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 1-ից հետո հանրությանը կներկայացնի ԴՕԿ-ից ընտրություններին մասնակցող 131 միասնական պատգամավորության թեկնածուների ցուցակը, կառավարության կազմը և ՀՀ նախագահի թեկնածուին:



