


Հայ ազգային կոնգրեսը մտադիր է բողոքարկել սահմանադրական հանրաքվեի ընթացքում Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանի կողմից ընտրակեղծիքների փաստով գործի առնչությամբ դատավճիռը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՙՄիրջանյանը խնդրել է, որպեսզի իր գործը քննվի արագացված կարգով, այսինքն՝ նա ընդունել է իր մեղքը, սակայն դատախազությունում չեն ստուգել միջադեպի մանրամասները: Մասնավորապես՝ նա միայնակ է գործել, թե՞ուրիշի թելադրանքով, է՞լ ում է նա կաշառք առաջարկել և այլն, հետևաբար՝ մենք դատական կարգով կբողոքարկենք գործը՚,-նշել է նա:
Նշենք, որ հունվարի 15-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից:
Դատարանն որոշել է երկու տարի փորձաշրջան սահմանել նրա նկատմամբ։
Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում 2015 թ. դեկտեմբերի 7-ին առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորվել էր Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանը: Մեղադրական եզրակացության համաձայն, Միրիջանյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքում փորձել է 100 հազար դրամի չափով կաշառք տալ Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Հարությունյանին:



