
Արմինֆո.Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը մետրոյի ուղեվարձի վճարման կետերում, ինչպես նաև հասարակական տրանսպորտում ամեն օր խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ վերահսկողություն իրականացնող աշխատակիցներին վիրավորելուց:
Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ իրենց աշխատակիցները ոչ մի կապ չունեն վճարային գործառույթների հետ: "Խնդրում և հորդորում ենք ձեզ զերծ մնալ աշխատակիցների նկատմամբ վիրավորական արտահայտություններից և անհարգալից վերաբերմունքից: Վճարման հետ կապված բոլոր հարցերի և խնդիրների համար դիմեք "Telcell " ընկերությանը", - նշել են Երևանի մետրոպոլիտենում, որը ներդրել է այս համակարգը:
Նշենք, որ ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ով ամեն օր օգտվում է ինչպես հասարակական տրանսպորտից, այնպես էլ մետրոյից, բախվում է ուղեվարձի վճարման հետ կապված բազմաթիվ խնդիրների, և հաճախ ականատես է լինում քաղաքացիների և վարորդների միջև կոնֆլիկտային իրավիճակների: Պիկ ժամերին, երբ մարդիկ գնում են աշխատանքի կամ տուն են վերադառնում, մետրոյում վավերացուցիչները հաճախ չեն աշխատում, նույնիսկ, եթե ուղևորը վերագործարկում է Telcell Wallet-ը կամ փորձում է շտրիխ կոդ անցկացնել մեկ այլ վավերացուցչի միջոցով: Ընդ որում, մետրոյի աշխատակիցները, նկատելով քաղաքացիների մոտ շտրիխ կոդի առկայությունը, ոչ մի միջոց չեն ձեռնարկում, բացի խորհուրդ տալուց՝ նորից վերագործարկել ծրագիրը։ Շատ ուղևորներ ստիպված են լինում վճարել ուղեվարձը կրեդիտ քարտերով, այսինքն՝ դիմել լրացուցիչ ծախսերի՝ չնայած մետրոյով ուղևորությունների փաթեթ ունենալուն։ Ավելին, հաճախ լինում են իրավիճակներ, երբ ծրագիրն ընդհանրապես չի բացվում, և մարդիկ ստիպված են լինում ձեռք բերել լրացուցիչ QR կոդեր։
Բացի այդ, վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են նաև տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ուղևորները կոնֆլիկտների մեջ մտնում ավտոբուսների վարորդների հետ: Դա սկսվել է այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետը ապրիլի 6-ին վարորդներին սպառնացել էր ազատել աշխատանքից կամ զրկել պարգևավճարներից, եթե նրանք նկատողություն չանեն չվճարող ուղևորներին: Արդյունքում՝ վարորդները հայտնվում են մի իրավիճակում, երբ ստիպված են լեզվակռիվ վարել քաղաքացիների հետ, ինչը սպառնում է ճանապարհի անվտանգությանը, քանի որ երթևեկությանը հետևելու փոխարեն փորձում են ուղեվարձը հավաքել:
Բացի այդ, վարորդները սկսել են բացել միայն ավտոբուսների առջևի դուռը՝ պիկ ժամի պայմաններում ուղևորների կողմից ուղեվարձի վճարումը վերահսկելու նպատակով, ինչը հանգեցնում է կանգառներում տեւական կանգառների: Տրանսպորտը երկար ժամանակ կանգ է առնում կանգառներում, իսկ ավտոբուսներում վավերացուցիչները անարդյունավետ են գործում, ինչը հանգեցնում է խցանումների ձևավորմանը նույնիսկ մուտքի մոտ: Այսպիսով, տրանսպորտի թանկացման պայմաններում Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն բարելավել սպասարկման որակը, այլև զգալիորեն բարդացրել են մայրաքաղաքի բնակիչների կյանքը, ովքեր ստիպված են ժամերով տուն կամ աշխատանքի հասնել՝ լեփ-լեցուն ավտոբուսներով և մետրոյով: