


Հայաստանում սուր շնչառական վարակների առnչությամբ ձմեռային արձակուրդների երկարաձգումը մինչև հունվարի 25-ն իրեն արդարացրել է, հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը` հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նա տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ հիվանդանոցներից դուրս է գրվել մոտ 600 երեխա, որոնք բուժում են ստացել սուր շնչառական վարակների և թոքերի բորբոքման առնչությամբ: Այդ ֆոնին նվազում է նաև ՍՇՎ առնչությամբ պոլիկլինիկաներ դիմելու, ինչպես նաև հոսպիտալացման և ծանր դեպքերի թիվը:
Սարգսյանն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստին, որ երեխաների շրջանում «խոզի գրպից» մահվան դեպք չի արձանագրվել: Ինչ վերաբերում է երեխայի մահվան դեպքին, որի մասին հաղորդվել էր հունվարի 12-ին, ապա մահվան սկզբնապատճառը, մանկաբույժի ասելով, եղել է ոչ թե գրիպը, այլ չարորակ ուռուցքը:
Որպես ՍՇՎ դեմ պայքարի կանխարգելիչ միջոց փորձագետը ծնողներին խորհուրդ է տվել հետևել երեխայի սննդին, ինչպես նաև նրան հեռու պահել ծխախոտի ծխից, որը մեծացնում է շնչառական վարակների դեպքում բարդությունների վտանգը: Սարգսյանը նշել է երեխային եղանակին համապատասխան հագցնելու անհրաժեշտությունը, իսկ ՍՇՎ զարգացման դեպքում խոչհուրդ է տվել վերահսկել ջերմաստիճանը և շատ հեղուկ տալ խմելու: Տագնապալի ախտանշան է ջերմաստիճանի բարձրացման միտումը, դժվարացած շնչառությունը, թուլությունը կամ, ընդհակառակը, չափից դուրս գրգռվածությունը:
ԱՄԿ որպես կանխարգելիչ միջոց խորհուրդ է տալիս հաճախ և մանրակրկիտ օճառով լվանալ ձեռքերը, վարել առողջ ապրելակերպ, բավականաչափ քնել, օգտագործել սննդարար մթերքներ և պահպանել ֆիզիկական ակտիվությունը:



