
Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության առաջարկած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կտրուկ բացասական արձագանք են հարուցել ընդդիմության շրջանում:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են ԸՕ փոփոխությունները, որոնց համաձայն, մի կողմից, արգելք է դրվում ընտրությունների օրը քվեարկության գործընթացի նկատմամբ վերահսկողության վրա, իսկ մյուս կողմից՝ արգելվում է անուն-ազգանուններ օգտագործել կուսակցությունների և դաշինքների անվանումներում: Ներկայացնելով փոփոխությունները՝ օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը չի թաքցրե լ, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է ընդամենը մի քանի օր առաջ: Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել օրենքի նախագիծն արագացված կարգով քննարկել։ "Մենք հարցը շտապ քննարկման ենք դրել, քանի որ ապրիլի 13-ից սկսվում է կուսակցությունների և դաշինքների մասնակցության փաստաթղթերի ընդունումը։ Մենք չէինք հասցնի այն քննարկել հերթական նստաշրջանում", - ասել է Արուսյակ Ջուլհակյանը։
Իշխանությունների նախաձեռնությունը տարակուսանք ու վրդովմունք է հարուցել խորհրդարանական ընդդիմության շրջանում։ "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները իշխանությունները հիմնավորում են բացթողմամբ: "Եթե օրինագիծը շատ ավելի շուտ ներկայացվեր, դա դրական կընկալվեր, բայց այս դեպքում՝ ընտրություններից երկու ամիս առաջ, այս բացթողումը ավելի քան լուրջ քաղաքական հետևանքներ կունենա", - ասել է ընդդիմադիրը:
Նույն դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն, իր հերթին, նշել է, որ ընդդիմադիր պատգամավորները եկել են արտահերթ նիստի՝ անտեղյակ լինելով առաջարկվող փոփոխություններից: «Գոյություն ունի միջազգային փորձ, կա Վենետիկի հանձնաժողովի ՝ Հայաստանին տրված հանձնարարական, ըստ որի, ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ խաղի կանոնները չեն փոխվում։ Այժմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե կոնկրետ ինչին են ուղղված այդ փոփոխությունները ։ Ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս ։ Դուք դա անվանում եք բացթողում, որը պետք է շտկել, սակայն այն փոփոխությունները, որոնք առաջարկում եք, առավել քան հիմնարար են", - ընդգծել է Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանն էլ իր ելույթում հայտարարել է, որ այս նախագծի բովանդակության շուրջ քննարկում ծավալելն ուղղակի անիմաստ է։ Այդ կապակցությամբ խմբակցությունը որոշել է «դեմ» քվեարկել։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է "Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ" դաշինքով: