


ԱրմինֆոՀայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել է, որ անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով, սակայն դաշինքը չի կայացել: Այդ մասին ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ։
«Դրսևորել ենք առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ:
Հայ Ազգային Կոնգրեսը, հետևաբար, կմասնակցի ընտրություններին առանձին՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և՛ ընտրական ժամանակաշրջանում, և՛ ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում», - ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում:
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիրը", երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը, "Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ" դաշինքը, Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը:



