
Արմինֆո. Արցախցիների խնդիրները կարող են լուծվել միայն այն դեպքում, երբ նրանք կդիտարկվեն որպես առանձին սոցիալական խումբ՝ բռնի տեղահանվածներ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ՝ Արմավիրի մարզ կատարած այցի արդյունքներով:
«Ապրիլի 4-ին Արմավիրում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Արցախի մեր հայրենակիցների հետ։
Սոցիալական խնդիրները, ինչպես և մյուս մարզերում, նույնն են՝ համակարգային և փաստացի անլուծելի։ Արձանագրում ենք, որ սերտիֆիկատով բնակարան կամ տուն ձեռք բերել հնարավոր չէ, եթե մարդը լրացուցիչ միջոցներ չունի։ Կառուցապատումը գործնականում բացառված է, իսկ բանկ դիմելու դեպքում առաջադրվում է գրավի պահանջ, որն անհաղթահարելի խոչընդոտ է։ Փաստացի փոքր կազմով ընտանիքների բնակարանային հարցը մնում է փակուղում։
Չլուծված է նաև աշխատանքի խնդիրը՝ մնալով արցախցիների առջև կանգնած ամենաբարդ մարտահրավերներից մեկը։ Դրան գումարվում է «քաղաքացիության» պարտադրանքը, որը գործող իշխանությունները ոչ միայն պարտադրել են, այլև միտումնավոր բարդացրել դրա ստացման գործընթացը։
Մեր առաջարկները չեն փոխվում․ այս խնդիրները կարող են լուծում ստանալ միայն այն դեպքում, երբ արցախցիները կդիտարկվեն որպես առանձին սոցիալական խումբ՝ բռնի տեղահանվածներ, և կարիքների գնահատումը կիրականացվի հենց այդ տրամաբանությամբ։
Սակայն սոցիալական խնդիրներից բացի, անթույլատրելի է նաև նախընտրական գործընթացներով արցախցիների պառակտումը։ Առավել ևս, երբ իշխանությունների ճնշումների տակ են հայտնվում հատկապես նրանք, ովքեր աշխատանք ունեն։
Եվ ամենակարևորը՝ ինչպես մեր բոլոր հանդիպումներում, այնպես էլ Արմավիրում, պահանջը հստակ է ու անփոփոխ․ վերադարձ Արցախ», - գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով հերթական ագրեսիան ձեռնարկեց Արցախի նկատմամբ ։ Դրան նախորդել էր հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական։
Հավելենք, որ իրավապաշտպաններն ահազանգում են, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին վերջին շրջանում հաճախակի են դարձել արցախցիների դեմ հարձակումները, ընդ որում, արցախաֆոբիան մեծամասամբ հրահրվում է կառավարող ուժի կամ նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից։