
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծման տրամաբանական հետևանքն է: Այդ մասին ասվում է «Նոր Հայաստան՚ հանրային փրկության ճակատի հայտարարության մեջ:
ՙՀանրաքվեի կեղծումը ոչ միայն չլուծեց, այլև էլ ավելի խորացրեց Հայաստանում վերջին տարիներին հաստատված սահմանադրականության ճգնաժամը: Ընտրությունից ընտրություն տեղի ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժերի կամ Նախագահի թեկնածուների կողմնակիցների ընտրական իրավունքի ոտնահարումը տրամաբանորեն հանգեց ամբողջ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարմանը:
Հանրաքվեն կեղծողների դեմ պայքարող քաղաքացիների դիմադրությունը վարչախմբին հարկադրեց հրաժարվել կեղծ ժողովրդավարական շղարշից և բացահայտորեն ապավինել բիրտ ուժային ճնշումների կիրառմանը:
Վարչախմբի այս ինքնաբացահայտումը տեղի ունեցավ ինչպես սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի և քվեարկության ընթացքում կեղծարարների դեմ քաղաքացիների իրավաչափ դիմադրության, այնպես էլ հանրաքվեից հետո դրա արդյունքների կեղծման դեմ հետևողական բողոքի պայմաններում: Վարչախումբը ստիպված եղավ քաղաքացիների իրավաչափ գործողություններին արձագանքել ոստիկանական ուժերի զանգվածային ու անհամաչափ ներգրավմամբ և բացառապես դրա շնորհիվ կարողացավ զսպել բողոքը և արձանագրել հանրաքվեի՝ իր համար ցանկալի արդյունքներ:
Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականն ակնհայտ դարձրեց Հայաստանում կոռումպացված վարչախմբի կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարումները զսպելու գործում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկարողությունը: Հարկ է ընդգծել, որ այս ինստիտուտի հիմնադրումը Հայաստանը Եվրոպայի խորհրդի կազմում ընդգրկելու կարևորագույն նախապայման էր:
Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականով մերկացավ այն իրողությունը, որ վարչախումբն իր հետագա գոյությունը պահպանելու համար որդեգրել է մարդու իրավունքների և ժողովրդավարական չափանիշների հետևողական անտեսումը՚,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ հունվարի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Արդեն երկար ժամանակ Անդրեասյանի և Հանրապետական կուսակցության որոշ շրջանակների միջև բավականին լարված հարաբերություններ են: Պատճառը, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Անդրեասյանի և ՀՀ նախագահի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի միջև կոնֆլիկտն է: ԶԼՄ-ների համաձայն, այդ պատճառով ՀՀԿ՝ Մինասյանի հանդեպ լոյալ ներկայացուցիչները համախմբվել են ընդդեմ Օմբուդսմենի և խիստ քննադատության ենթարկել նրա վերջին հաշվետվությունը խորհրդարանում, դա էլ Անդրեասյանի հրաժարականի պատճառ է դարձել: Անդրեասյանն Օմբուդսմենի պաշտոնում ընտրվել էր 2011 թ. մարտին՝ 6 տարի ժամկետով: Այսինք՝ մինչև լիազորությունների ավարտը նա դեռ մեկ տարի ուներ: