
Արմինֆո. Երկրների միջև քաղաքական երկխոսության իմաստը հարցերի և մտահոգությունների քննարկումն է, հատկապես, եթե այն հավակնում է լինել գործընկերային և վստահելի: Այդ մասին 24News-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։
Խոսելով այն մասին, որ հանդիպմանը քննարկվել են նախկինում հանրային տիրույթում չբարձրաձայնված հարցեր, դեսպանը նշել է, որ իր համար այդ համատեքստում կարևորն այն է, որ տեղի է ունեցել իսկապես վստահելի բարձր մակարդակի երկխոսություն: "Զգայուն և խնդրահարույց հարցերը նման մակարդակով քննարկելը երկու ինքնիշխան պետությունների միջև հասուն հարաբերությունների նորմալ բնութագիր է ։ Եթե մտահոգություններ կան, դրանք պետք է քննարկել։ Սա է քաղաքական երկխոսության իմաստը՝ գործընկերային և վստահելի լինելու համար", - նշել է Կոպիրկինը։
Դեսպանը նաև մեկնաբանել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցը, նշելով, որ այն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ռուս-հայկական հարաբերություններով և դրանց հեռանկարներով: "Հարցազրույցը շատ բովանդակալից է և պրոֆեսիոնալ։ Դրա հիմնական իմաստն այն է, որ մենք բացահայտորեն քննարկում ենք մեր հարաբերությունների խնդրահարույց կետերը: Դա երկու ինքնիշխան պետությունների միջև իրական գործընկերության անբաժանելի մասն է", - նշել է Կոպիրկինը։
Նա համոզմունք է հայտնել, որ ժամանակին և հետաքրքիր այդ հարցազրույցն արտացոլում է Ռուսաստանի անկեղծ շահագրգռվածությունը Հայաստանի հետ հարաբերությունների պահպանման, զարգացման և խորացման հարցում: "Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես եղբայրական երկիր, իսկ Հայաստանի ժողովուրին՝ որպես եղբայրական ժողովուրդ։ Ուստի մենք անհրաժեշտ ենք համարում անկեղծ եւ կառուցողական քննարկել իրական խնդիրները", - եզրափակել է դեսպանը։
Նշենք, որ դեսպանը նաև շնորհավորել է երկրներին Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հերթական տարեդարձի կապակցությամբ, որը նշվում է ապրիլի 3-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Պուտին-Փաշինյան բանակցություններ։ Հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, կողմերը փոխադարձ մեղադրանքներ են փոխանակել: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է Մոսկվայի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի դժգոհության, Լեռնային Ղարաբաղի հարցի, ԵՄ-ին Երևանի ինտեգրման և Եվրասիական տնտեսական միության հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ: Դիրքորոշում է ներկայացվել նաև ատոմային էլեկտրակայանի կառուցման և Հայաստանում ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին հետապնդելու վերաբերյալ։ Փաշինյանն, իր հերթին, վստահեցրել է երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթի մասին, հիշեցրել ՀԱՊԿ-ի հանդեպ ունեցած դժգոհության մասին, փորձել է Արցախը հանձնելու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա և հայտարարել, որ ՌԴ քաղաքացիները չեն կարող մասնակցել Հայաստանում քաղաքական գործընթացներին: