
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին առնչվող միջադեպից հետո ձերբակալված դպրոցական Դավիթ Մինասյանին քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են "Նաիրի" բժշկական կենտրոն՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
"Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է։ Աբովյան քաղաքի հիվանդանոցից նրան տեղափոխել են "Նաիրի" բժշկական կենտրոն", - գրել է փաստաբանը։
Նա պատմել է, որ պատանու վիճակը կտրուկ վատացել է. անցած գիշեր նրա մոտ շնչահեղձություն ու գլխացավ է սկսվել։ Առավոտյան ՔԿՀ այցելության ժամանակ պաշտպանական կողմը չի հասցրել խոսել Մինասյանի հետ, քանի որ նրան այդ պահին հոսպիտալացրել են, նշելով, որ նա ստացիոնար բուժման կարիք ունի:
"Մեզ համար առաջնային է այդ երեխայի առողջությունն ու կյանքը։ Ուզում եմ հիմա թողնել հարցի իրավական կողմը, գործի հանգամանքները, հաշվի առնելով, որ խոսքը դպրոցականի մասին է, ով առողջական խնդիրներ ունի", - ասել է փաստաբանը ։ Քննությանը, նրա խոսքով, կարելի է վերադառնալ, երբ ապահովվեն նրա կյանքի իրավունքները։
Մարտիրոսյանի ասելով՝ խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն առայժմ այդ մասին նորություն չկա:
Նշենք, որ առողջական խնդիրների պատճառով այսօր առավոտյան "Արմավիր" ՔԿՀ-ից դպրոցականին տեղափոխել էին "Աբովյան" ՔԿՀ: Իսկ արդեն այնտեղից նրան տեղափոխել էին Աբովյան քաղաքի հիվանդանոց։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին: ՀՀ քննչական կոմիտեում Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), ինչը ենթադրում է 2-5 տարի ազատազրկում։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։ Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում՝ Ծաղկազարդի օրը, երբ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ շարժվում էր դեպի ելք։ Այդ պահին Մինասյանը ձեռքով կտրուկ շարժում է կատարել վարչապետի ուղղությամբ, սակայն նրա ձեռքը հետ են մղել թիկնապահները։ Համացանցում տարածվել են նաև կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ուժեղ հարված է հասցրել Դավիթ Մինասյանի դեմքին, ինչի հետևանքով պատանին վայր է ընկել, իսկ ոտքի կանգնելուց հետո երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ: Ուշագրավն այն է, որ ՔԿ-ն գործ է հարուցել Քրեական օրենսգրքի՝ "պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը" հոդվածի հատկանիշներով, մինչդեռ, ինքը ՝ վարչապետ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ կիրակնօրյա պատարագներին ներկա է բացառապես որպես Հայ Առաքելական Եկեղեցու սովորական հետեւորդ։