
Արմինֆո.Հայաստանում ԵՄ աջակցությամբ կստեղծվի քաղաքացիական ցանցերի կառուցման միջոցով տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարի կենտրոն՝ հանրապետությունում հասարակության դիմակայունությունը բարձրացնելու նպատակով:
«Ալիք Մեդիա» և «Հանրային լրագրության ակումբ» հայկական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համագործակցություն են սկսում WatchDog.MD համայնքի (Մոլդովա) և Եվրոպական միության անդամ պետությունների փորձագետների հետ տեղեկատվական դիմակայունության ոլորտում։ Ծրագրի շրջանակում ձևավորվելու է հարթակ, որի նպատակն է պայքարել տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ՝ հասարակության դիմակայունությանն ուղղված քաղաքացիական ցանցերի ձևավորման միջոցով», - ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված «Հանրային լրագրության ակումբի» հաղորդագրությունում։
Նշվում է, որ ծրագիրը կաջակցի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և ակադեմիական շրջանակները ներկայացնող անկախ փորձագետներին ավելի ակտիվ ներկայանալ ԶԼՄ-ներում և թվային հարթակներում։
«Անկախ վերլուծական կարծիքները կնպաստեն ապատեղեկատվության դեմ պայքարին, ժողովրդավարության վերաբերյալ իրազեկվածությանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին կօգնեն կայացնել տեղեկացված որոշումներ և ընտրություն։ Այս նպատակին հասնելու համար ծրագիրը նախաձեռնել է «Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակ (StratCom Hub)»-ի ստեղծումը: Հարթակի միջոցով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և փորձագետները կնպաստեն հայկական տեղեկատվական միջավայրում հավաստի տեղեկատվության, ինչպես նաև որակյալ փորձագիտական կարծիքի և վերլուծության տարածմանը», - ասվում է հաղորդագրությունում։
Ծրագիրը նաև աջակցություն կտրամադրի շահառու կազմակերպություններին և փորձագետներին հանրային հաղորդակցության և մամուլի հետ կապերը բարելավելու ուղղությամբ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Հայաստանում հասարակության իրազեկվածության և դիմակայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի շրջանակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ "Ազատություն" ռադիոկայանը հաղորդել էր, որ իրենց տրամադրության տակ հայտնվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նամակը Բրյուսելին, որում նա "խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երեւան՝ կրեմլյան ապատեղեկատվությանը եւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտությանը հակազդելու համար": Այդ կապակցությամբ հիշեցվել է, որ ԵՄ-ն մոտ 20 հոգուց բաղկացած համանման խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, "որպեսզի օգնի Մոլդովայի իշխանություններին բացահայտել և հակազդել սոցիալական ցանցերում Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը": Հավելենք, որ ավելի վաղ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը հայտարարել էր Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու մասին ՝ "ռուսական քարոզչությանը հակազդելու համար":
Մարտի 4-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատրաստակամություն էր հայտնել եվրոպականին համանման ՌԴ առաքելություն ուղարկել Հայաստան, եթե Երևանը նման ցանկություն հայտնի: