


Արմինֆո. 5 տարվա ընթացքում Հայաստանի նախադպրոցական հաստատություններում 3-5 տարեկան երեխաների ներգրավվածությունն աճել է՝ 64,3%-ից մինչեւ 81%: Այդ մասին ապրիլի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
Նա նշել է, որ ռազմավարության շրջանակում այդ ցուցանիշը մինչև 2030 թվականը պետք է հասնի 95 տոկոսի։
Սարգսյանը նաեւ հաղորդել է, որ 2021 թվականին Հայաստանում կար 229 բնակավայր, որտեղ նախադպրոցական կրթության ոչ մի հաստատություն չէր գործում։ Իսկ այսօր նման համայնքների թիվը կրճատվել է մինչեւ 87։ ԿԳՄՍՆ վարչության պետի խոսքով՝ այս պահին ուսումնասիրվում են այն տարածքները, որոնք կարող են հատկացվել նախադպրոցական կրթական հաստատությունների կառուցման համար:
Միաժամանակ, նախադպրոցական կրթության հասանելիուության բարձրացման համար, ինչպես նշել է Սարգսյանը, օրենսդրական փոփոխություններ են մտցվել։ Մասնավորապես, այսուհետեւ, եթե նախադպրոցական կրթական հաստատությունը բնակավայրի միակ կրթօջախն է, դրանում կարող են ներգրավվել 3 տարին լրացած երեխաները՝ նախկինում սահմանված 5-6 տարեկան շեմի փոխարեն:
Իսկ մանկապարտեզ կկարողանան ընդունել 4-6 տարեկան երեխաներին։
Այս պահին, նրա խոսքով, երկրում գործում է նախադպրոցական կրթության 500 հաստատություն, որոնք գործում են դպրոցների շենքերում։ Վերջիններս ունեն հաստատության առանձին մուտք, առանձին սանհանգույց և բոլոր անհրաժեշտ պայմանները կրթական գործընթացի կազմակերպման համար:
ԿԳՄՍՆ աշխատակիցը նաեւ նշել է, որ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագրի շրջանակում աշխատանքներն ավարտվել են 301 օբյեկտներում, որոնցից 176 մանկապարտեզներ և 125 նախադպրոցական կրթական հաստատություններ:



