
Արմինֆո. Հին օրենքով 2 տարով պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք պահանջում են, որ իրենց զավակները ծառայեն նոր օրենքով, որի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է մինչև 1,5 տարի:
Ակցիայի ընթացքում նրանք նամակ են հանձնել Պաշտպանության նախարարություն, որտեղ ներկայացրել են իրենց պահանջները։ Նրանց խոսքով՝ իրենք դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ՝ խնդրելով չանտեսել այդ խնդիրը:
Լրագրողների հետ զրույցում ցուցարարներից մեկը նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում, անարդար է և անհավասար պայմաններ է ստեղծում: "Ինչու իմ երեխան պետք է ծառայի 2 տարի, իսկ նոր օրենքով ծառայության անցնողները՝ 1,5 տարի։ Այնտեղ նույն դասարանի տղաներ կան, բայց մի մասն անցնում է հին օրենքով, մի մասն էլ՝ արդեն այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած օրենքով։ Իմ երեխային թույլ չեն տվել, նույնիսկ, քննություններ հանձնել եւ տարել են բանակ", - պատմել է ակցիայի մասնակիցը։
Մեկ այլ ծնող էլ նշել է, որ այդ փոփոխությունը հոգեբանական ազդեցություն է ունեցել իրենց երեխաների վրա: Նա պատմել է, որ իր որդին զորակոչվել է 2025 թվականի հուլիսի 2-ին և պետք է երկու տարի ծառայի բանակում, մինչդեռ, հունվարի 1-ից հետո զորակոչված նրա համադասարանցիները ծառայելու են 1.5 տարի. "Մենք, պարզապես, ուզում ենք, որ պաշտպանության նախարարը մի փոքր մտածի այդ երեխաների մասին։ Թեև նրանք անձամբ չեն խոսում այդ մասին, բայց մենք տեսնում ենք, թե դա ինչպես է ազդում նրանց վրա հոգեբանորեն", - ընդգծել է ծնողը։
Նշենք, որ ՊՆ-ում համաձայնել են ընդունել մի քանի ծնողների՝ նրանց պահանջը լսելու համար:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հերթական նիստում հավանություն է տվել 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24-ից մինչեւ 18 ամիս կրճատելուն։ Նոյեմբերի 24-ին պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել այդ օրինագիծը հրատապ կարգով ԱԺ քննարկմանը ներկայացնելուն: Անկախ փորձագետները հակված են կարծելու, որ նման կերպ կառավարող ուժը՝ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է լրացուցիչ ձայներ ստանալ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ուշադրություն է հրավիրել ԶՈՒ գլխավոր շտաբի և պաշտպանական այլ ստորաբաժանումների գնահատականների, կանխատեսումների և կարծիքների անբավարարության վրա: Նրա խոսքով, նման փոփոխությունների իրականացումն առանց դրանց ազդեցության պատշաճ վերլուծության ստեղծում է անվտանգության սպառնալիքներ, ինչպես նաեւ հոգեբանական հետեւանքներ կունենա զինծառայողների համար՝ այն պայմաններում, երբ միաժամանակ զինված ուժերում կծառայեն նրանք, ովքեր զորակոչվել են երկու տարով, եւ նրանք, ովքեր արդեն նոր օրենքով կծառայեն: