


Արմինֆո.Հայաստանն ինքն է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Իսկ քանի որ այդպես է, ապա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կոռեկտ չէր լինի միջամտել Բաքվի ներքին գործերին, նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ անվտանգության ոլորտում Ղարաբաղին առնչվող հարցերը մնում են զգայուն: "Մենք գիտենք, որ և ձեր, և ձեր գործընկերների մոտ հարցեր և ինչ-որ դժգոհություններ են առաջացել և մինչ օրս առաջանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՀԱՊԿ-ի նկատմամբ", - պարզաբանել է Պուտինը։
"Ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ դուք Պրահայում 2022 թվականին ընդունեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ներադրբեջանական չափում ձեռք բերած այդ գործընթացին ՀԱՊԿ-ի կողմից միջամտելը բնավ կոռեկտ չէր լինի", - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:



