
Արմինֆո. Դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Փաստաբանի ասելով՝ նման որոշում կայացնելու համար ոչ մի հիմք չի եղել, սակայն դատարանը հրաժարվել է խափանման այլ միջոցներ կիրառել: "Դավիթին դատում են 2-5 տարվա ազատազրկում նախատեսող հոդվածով։ Ըստ էության, 12-րդ դասարանն ավարտող պատանին, նրանց կարծիքով, պետք է կալանավորվի, իսկ այն մարդիկ, ովքեր անցնում են ավելի ծանր հոդվածներով, կարող են, պարզապես, գտնվել վարչական հսկողության տակ: Դատարանը ոչինչ հաշվի չի առել: Աշակերտին, ըստ էության, զրկել են դպրոցն ավարտելու հնարավորությունից", - հավելել է Մելքոնյանը, նշելով, որ որոշումն իրենց կողմից կբողոքարկվի։
Նշենք, որ դատավճռի հրապարակումից հետո Մինասյանի մոր ՝ Գայանե Մինասյանի ինքնազգացողությունը վատացել է, սակայն նա հրաժարվել է բուժօգնությունից:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը ։ Սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես պատարագի ընթացքում, երբ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ շարժվում է դեպի ելքը, ներկաներից մեկն ասել է. "Չհամարձակվես ինձ այդպես նայել", ձեռքով կտրուկ շարժում է կատարել վարչապետի ուղղությամբ, սակայն նրա ձեռքը հետ են մղել թիկնապահները։
Ավելի ուշ ձերբակալվել են 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև հասարակական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Դավիթ Մինասյանի նկատմամբ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Միքայել Մինասյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն օժանդակելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն օժանդակելը)։ Գևորգ Գևորգյանի նկատմամբ գործ է հարուցվել 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը): Մարտի 31-ին Գեւորգ Գեւորգյանն ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիիմաց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա իր մեղքը չի ընդունում։ Միքայել Մինասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Համացանցում տարածվել են նաև կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ուժեղ հարված հասցրել Դավիթ Մինասյանի դեմքին, ինչի հետևանքով պատանին վայր է ընկել, իսկ ոտքի կանգնելուց հետո երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ: Ուշագրավն այն է, որ ՔԿ-ն գործ է հարուցել Քրեական օրենսգրքի՝ "պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը" հոդվածի հատկանիշներով, մինչդեռ, ինքը ՝ վարչապետ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ կիրակնօրյա պատարագներին ներկա է բացառապես որպես Հայ Առաքելական եկեղեցու սովորական հետեւորդ։