


Արմինֆո. Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Մարտի 18-ին Սամվել Կարապետյանի ապօրինի (տնային) կալանքի որոշման դեմ ներկայացրել ենք Վերաքննիչ բողոք: Այսօր ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը: Պատկերացրեք նախաքննության ավարտի պայմաններում Դատարանը ունենալով բոլոր հիմքերն ապօրինի տնային կալանքը վերացնելու համար, փաստացի խուսափել է որևէ կերպ այդ հարցին լուծում տալուց, թողնելով այն առաջիկա դատական նիստին: Ի դեպ նույնիսկ տեսաուղերձների հարցը չլուծեց Վերաքննիչ դատարանը: Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է Դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է: Չնայած այս ամենին վստահ եղեք իրավունքը պետք է գերակայի և կգերակայի։Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…», - գրել է փաստաբանը։
Նշենք, որ ավելի վաղ դատարանն անփոփոխ էր թողել Կարապետյանին երկամսյա տնային կալանքի տակ պահելու վերաբերյալ դատարանի հունվարի 17-ի որոշումը: Գործարարը ձերբակալվել էր նախորդ տարվա հունիսի 18-ին, իսկ ավելի ուշ դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել՝ Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելու պատճառով սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով: Ավելի ուշ գործարարին նոր մեղադրանք էր առաջադրվել ՝ փողերի լվացում։ Հատկանշական է, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էին նրա հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները, որոնք իրավաբանները գնահատում են որպես հետաքննությանն ու իրավապահ գործունեությանը ուղղակի միջամտելու փորձ: Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից փաստացի խլել են "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության կառավարման գործառույթները ՝ կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին։ ՀԷՑ-ը նաև զրկվել է լիցենզիայից։



