
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում և չեն էլ կարող արդյունավետորեն հակազդել ադրբեջանական կեղծ նարատիվներին, որովհետեւ իրենք գործում են միակողմանի զիջումային տրամաբանությամբ՝ զեղչելով սկզբունքներն ու սկզբունքայնությունը։
Նման հայտարարությամբ է հանդես եկել իրավագետ Գոհար Մելոյանը՝ արձագանքելով "1918 թվականի իրադարձությունների" վերաբերյալ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի հայտարարություններին: Վերջինս ավելի վաղ կոչ էր արել "միջազգային կազմակերպություններին և ՄԱԿ-ի անդամ պետություններին սկզբունքային դիրքորոշում որդեգրել ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումների և հանցագործությունների հարցում և 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն":
«Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց համառ քաղաքականությունը՝ բոլոր հնարավոր միջազգային հարթակներում առաջ մղելով Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ «ցեղասպան և հանցագործ» բնութագրումներ։ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի՝ 1918 թվականի իրադարձությունների վերաբերյալ այսօրվա հայտարարությունները դրա վառ ապացույցն են։
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները չեն կանգնելու և շարունակելու են իրենց հետևողական աշխատանքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ քարոզչություն իրականացնելու ուղղությամբ։
Ակնհայտ է նաև, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում և չեն էլ կարող արդյունավետորեն հակազդել ադրբեջանական այս սուտ և կեղծ նարատիվներին, որովհետեւ իրենք գործում են միակողմանի զիջումային տրամաբանությամբ՝ զեղչելով սկզբունքներն ու սկզբունքայնությունը, ինչն էլ՝ այսօրվա իշխանության թուլության հիմնական դրսեւորումներից է։
Հունիսի 7-ին հայ ժողովրդի ազատ կամարտահայտության հիման վրա սպասվող իշխանափոխությունը, ինչպես նաև Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից ձևավորվելիք կառավարությունը, կարող են կարճ ժամանակում ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունն ու անվտանգությունը և արդյունավետ կերպով հակազդել Արբեջանի սուտ և կեղծ քարոզչությանը։ Ուժեղ խաղաղությունը հաստատվում է հաստատուն եւ ուժեղ ինքնությամբ», - գրել է իրավագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ որպես "վարչապետ ՝ հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից, քանի որ կարծում է, որ պետք է գնալ արդար իրականության հետևից": Խոսելով այն մասին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ են իրականացվել Ադրբեջանի կողմից, Փաշինյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, վնասակար է համարում "էթնիկ զտումներ" հռետորաբանությունը: