
Երևանի քաղաքապետարանը «Զվարթնոց՚ օդանավակայանի հին շենքի մասնակի ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա՚ Միջազգային Օդանավակայաններ՚ ՓԲԸ-ին: Այս նորությունը տհաճ անակնկալ էր ճարտարապետների համար. պարզվում է՝ որոշումն ընդունվել է դեռ դեկտեմբերին, սակայն, Հայաստանի ճարտարապետների միությունը դրա մասին միայն երեկ է իմացել:
ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ՀՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանը նշել է, որ քաղաքապետարանն ակնհայտորեն շտապել է այդ որոշման ընդունման հարցում: ՙԱնցած տարի մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՙԶվարթնոցի՚ կոնցեսիոների հետ, որ հին շենքի արդիականացման նախագծի շուրջ բանակցությունները շարունակվելու են: Սակայն, մենք դեռ չենք հավաքվել քննարկումների համար, և վերջնական որոշում չի ընդունվել՚,- հայտնել է նա:
Հիշեցնենք, որ 2013 թ. ՙԱրմենիա՚ Միջազգային Օդանավակայաններ՚ ՓԲԸ հայտարարություն է տարածել այն մասին, որ ՙԶվարթնոցի՚ հին շենքը ՙշատ վտանգավոր կառույց՚ է և չի համապատասխանում օդագնացության ժամանակակից պահանջներին: Շենքի քանդման նախագիծն արժանացել է ճարտարապետների խիստ քննադատությանը, ովքեր նշում են, որ շենքը պատմական արժեք է ներկայացնում:
2015 թ. կոնցեսիոները նոր նախագիծ է ներկայացրել, ինչը ենթադրում է ՙԶվարթնոցի՚ հին շենքի մասնակի պահպանում: Համաձայն դրա՝ կպահպանվի միայն դիսպետչերական աշտարակը, իսկ հին տերմինալը նախատեսվում է քանդել:
Մինչդեռ հայ ճարտարապետների դիրքորոշումն անփոփոխ է մնում. ՙԶվարթնոցի՚ հին շենքը պետք է պահպանվի ամբողջությամբ:
Մինասյանի խոսքով, քաղաքապետարանի հապճեպ որոշումն ստիպել է ճարտարապետներին հարցը դիտարկել իրավաբանական տեսակետից:
Ավելացնենք, որ այսօր «Զվարթնոց՚ օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. ՙՆման պայմաններում, երբ առկա է Հայաստանի, համայն հայության և միջազգային հանրության հեղինակավոր կառույցների միասնական դիրքորոշումը «Զվարթնոց՚ օդանավակայանի համալիրի վերաբերյալ, որևէ հայ պաշտոնյայի կողմից ապամոնտաժելու թույլտվություն տալը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում։ Կաշառքի դիմաց ազգային արժեքներ ոչնչացնողը ազգի թշնամին է։ Ուստի` «Զվարթնոցե օդանավակայանի համալիրը ոտնձգություններից պաշտպանելու նպատակով, ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին՚։
Հիշեցնենք, որ «Զվարթնոց՚ օդանավակայանի հին շենքը կառուցվել է ճարտարապետներ Ա.Թարխանյանի, Ս.Խաչիկյանի, Լ.Չերքեզյանի, Ժ.Շեխլյանի, Ա.Տիգրանյանի, Ա. Մեսչյանի և կոնստրուկտոր Ս Բաղդասարյանի նախագծով և շահագործման է հանձնվել 1980 թվականին: 2002 թվականի հունիսից «Զվարթնոց՚ օդանավակայանը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա՚ միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: