
Արմինֆո.Ռուսաստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Այդ մասին "ՌԻԱ Նովոստի" –ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը՝ Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ համաժողովի նախաշեմին։
"Ես կարող եմ ասել, որ, առաջին հերթին, մենք չենք նախատեսում որեւէ մեկին կոոնցեսիա փոխանցել։ Երկրորդ ՝ պաշտոնական մակարդակով գործընկերները՝ Հայաստանի մեր գործընկերները մեզ հետ այդ հարցերը չեն քննարկել", - պատասխանել է Նիկիտինը՝ այն հարցին, թե արդյոք քննարկվում է Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիայի փոխանցումը Ղազախստանին ։
Նա բացասական պատասխան է տվել նաև այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Ղազախստանի հետ բանակցություններ է վարել այդ թեմայի շուրջ։
"Իհարկե ոչ։ Մեր կոնցեսիան աշխատում է Հայաստանում", - ասել է ՌԴ տրանսպորտի նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հաղորդել էր, որ Երեւանը դեմ չէ ղազախական ընկերությանը հանրապետության երկաթուղիների կառավարման կոնցեսիայի փոխանցմանը, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: Դեռևս այս տարվա փետրվարին Փաշինյանը սկսել էր բարձրացնել ռուսական կոնցեսիան երրորդ բարեկամ կողմին հանձնելու անհրաժեշտության հարցը։ Որպես տարբերակ նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ Նա դա պատճառաբանել էր այն հանգամանքով, թե, իբր, Երևանը կորցնում է իր մրցակցային առավելությունները, և երկաթուղու հարցը պետք է լուծել Ռուսաստանի հետ "բարեկամական, եղբայրական տրամաբանությամբ"։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան տարօրինակ է համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիոն կառավարումը հայկական կողմի համար մրցակցային ծախսեր է ստեղծում: Նա ընդգծել է, որ ռուսական օպերատորն այն կառույցն է, որը Հայաստանի Հանրապետությանը ոչ թե զրկում է մրցակցային առավելություններից, այլ հակառակը ՝ ստեղծում է դրանք:
Հիշեցնենք, որ " ՀԿԵ " ՓԲԸ-ն "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է: 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է կոնցեսիոն պայմանագիր Հանրապետության երկաթուղային տրանսպորտի համակարգը "ՀԿԵ"ՓԲԸ կառավարմանը հանձնելու մասին: Պայմանագրի համաձայն ՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է ՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի առաջին քսան տարիներից հետո ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով ։ "ՀԿԵ" ՓԲԸ խնդիրների մեջ են մտնում ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության զարգացումը, ներհանրապետական և միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացումը: Ընկերության կողմից իրականացվող ներդրումների չափը կազմում է 572 մլն դոլար: "ՀԿԵ" ՓԲԸ իր գործունեությունը սկսել է 2008թ. հունիսի 1-ից։