


Արմինֆո.Ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության 2020թ․ որոշման հավելվածի այն կետերը, որոնք արգելում էին հավաքների անցկացումը և ազատ կարծիքի արտահայտումը (քննադատական խոսքը), ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով ճանաչվեցին ոչ իրավաչափ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը
«Վերաքննիչ Վարչական դատարանի որոշումնը կառավարության բողոքը մերժելու մասին, մտավ օրինական ուժի մեջ։
Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը վիճարկվել էր Իմ, Artsvik Minasyan-ի և Artur Ghazinyan-ի կողմից, Վարչական դատարանի կողմից մեր պահանջը բավարարվեր էր, իսկ կառավարության վերաքննիչ բողոքը՝ մերժվել։
Կառավարության ոչ իրավաչափ սահմանափակումների արդյունքում 106 մարդ տուգնավել էր 300 հազարից 1 մլն դրամի չափով, մի քանի հարյուր անձ ոչ իրավաչափորեն ձերբակալվել էր, շատերի նկատմամբ հարուցվել էին քրեական գործեր, որոնք բոլորը ենթակա են ոչ իրավաչափ ճանաչման։
Այլևս անբողոքարկելի դատական ակտով է արձանագրված, որ կառավարությունը կամայականորեն սահմանափակել էր անձանց կարծիքի արտահայտման և հավաքների սահմանադրական», - գրել է իրավաբանը
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 12-ին հանրահավաքներ անցկացնելու և կազմակերպելու փաստով ձերբակալվել էր 10 մարդ, այդ թվում ՝ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը, ՀՀԿ անդամ Դավիթ Համբարձումյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը: Հանրահավաքները տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո, որն ավարտել է ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ։ Բողոքի ակցիաներ էին կազմակերպվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:



