


Արմինֆո.Մարտի 30-ին խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09 ։ 10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են բեռնատար «ԿամԱզ», «Նիսան Տիդա», «Մերսեդես», «Օպել», «Տոյոտա ՌԱՎ4» ավտոմեքենաները և ավտոքարշակը։
Ըստ Shamshyan.com կայքի՝ բախման հետևանքով «ԿամԱզ»-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն, որոնց, նախ, օգնություն են ցուցաբերել տեղի բնակիչները: Մինչ քննչական խմբի ժամանումը, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ տուժածներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Վեդիի քննչական բաժնում դեպքի առթիվ քրեական հետաքննություն է սկսվել, որի ընթացքում պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, տուժածների և մահացածի ինքնությունը: Բացի "ԿամԱզ" – ից՝ բոլոր մեքենաները կայանված են եղել, դրանց մի մասը վերածվել է մետաղի կույտի։



