
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հետևողական լինեն և թույլ չտան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հակահայկական բանաձևերի ընդունումը, քանի որ դա կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Քաղաքական գործիչը գտնում է, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկմանը դրված հակահայկական զեկույցներով և բանաձևերով Ադրբեջանը փորձումն է դուրս բերել ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներից: ՙՄինսկի միջնորդները պետք է հետևողական լիչնեն և թույլ չտան դա, քանի որ այդ բանաձևերի ընդունումը կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության գոտում ագրեսիայի ավելացման և բանակցային գործընթացում Բաքվի ավելի հանդուգն պահվածքի՚,- նշել է նա:
Մանոյանի խոսքով, ԵԽԽՎ-ն չպետք է թույլ տա, որպեսզի ադրբեջանական իշխանությունները կառույցն օգտագործեն իրենց հակահայկական քարողչությունում: ՙՆման բանաձևերն իրավական հիմք չունեն և ոչ մի կերպ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա չեն ազդի, սակայն քարոզչության հարցերում դրանք կարող են էական դեր խաղալ՚,- ընդգծել է դաշնակցականը: Ըստ որում, նա գտնում է, որ հայկական իշխանությունները պետք է ամեն բան անեն՝ այդ բանաձևերի ընդունումը կանխելու նպատակով:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում հակահայկական երկու զեկույց է ներառված՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում՚ և բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից՚: Այս փաստաթղթերը հայկական կողմի դիրքորոշմանը հակասող ձևակերպումներ են պարունակում, սակայն ձմեռային նստաշրջանի օրակարգում զեկույցների ներառումը կանխելու ուղղությամբ Երևանի և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ջանքերը հաջողությամբ չեն պսակվել՝ չնայած Մինսկի միջնորդների հայտարարությանը, որը ղարաբաղյան խնդրին վերաբերող փաստաթղթեր քննարկելիս միջազգային կառույցները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ ՄԽ հետ: Փաստաթղթերը կքննարկվեն հունվարի 26-ին: